«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2010-10-13 | #187, 2010-10-14 | #188, 2010-10-15


ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ «ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՉԷ», ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԱՎ ԿԼԻՆԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՍԻՐԵԼՈՎ

Ըստ վիճակագրական տվյալների` 2010-ի առաջին կիսամյակում գրանցվել է ամուսնալուծությունների 1474 դեպք, իսկ 2009-ին` 2829 դեպք:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանի կարծիքով` ամուսնալուծությունը բնական երեւույթ է, որը տեղի է ունենում մարդկանց կյանքում: Հայաստանում ամուսնալուծությունը համարվում է օրհասական երեւույթ, սակայն ամուսնալուծությունը, ինչպես ժողովուրդն է ասում, «աշխարհի վերջը չէ»: Աննա Ոսկանյանը համամամիտ չէ այն կարծիքին, թե ինչքան կայուն է ընտանիքը, այնքան կայուն է հասարակությունը: «Մարդիկ կարող են ամուսնանալ եւ ամուսնալուծվել մի քանի անգամ, սակայն ապրեն կայուն հասարակության մեջ», երեկ «Արմատ» ակումբում ասաց Աննա Ոսկանյանը: Վերջինս կարեւորում է, որ մարդիկ միմյանց սիրելով ամուսնանան. «Մարդիկ հաճախ ամուսնանում են իրար չսիրելով: Հարցնում ենք` ինչո՞ւ ամուսնացաք, ասում ենՙ արդեն ամուսնանալու ժամանակն էր»: Ըստ Աննա Ոսկանյանի` կնոջն ու տղամարդուն միմյանց կապող ամենալուրջ օղակը սերն է: Եթե չկա այդ օղակը, ամուսնալուծվելու հավանականությունը մեծանում է: Ամուսնալուծությունը կանանց համար շատ ավելի ծանր երեւույթ է, քան տղամարդկանց համար: Աննա Ոսկանյանը նշեց, որ ամուսնալուծվելուց հետո տղամարդիկ կարողանում են նորից հաջողությամբ ամուսնանալ, սակայն կինն այդպիսի հնարավորություն քիչ է ունենում: Ամուսնալուծությունից խուսափելու համար հարկավոր է, որ երիտասարդները միմյանց սիրելով ամուսնանան:

Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ նշեց, որ լավ կլինի երիտասարդները նախաամուսնական փուլում դիմեն հոգեբանի: Նախաամուսնական փուլում մասնագետները կարող են ախտորոշել ամուսնացողների անձնային որակներն ու համատեղելիությունը: Ըստ Մարիամ Մեհրաբյանի` շատ ամուսնալուծություններ պայմանավորված են հենց կնոջ եւ տղամարդու անհամատեղելիությամբ: Հոգեբանն անդրադարձավ նաեւ սեռական համատեղելիության խնդրին` նշելով, որ շատ զույգերի մեջ այն սքողված փուլում է գտնվում: Ըստ հոգեբանի` ամուսնալուծվող 10 զույգից երեքն ունեն սեռական համատեղելիության խնդիր: Խոսելով ամուսնալուծության պատճառների մասին` հոգեբանը նշեց, որ զույգի համար շատ կարեւոր է ադապտացիոն շրջանը: «Տղամարդկանց ու մայրերի կապը մինչեւ 40-50 տարեկան շատ ամուր է լինում, եւ դա ադապտացիոն շրջանում իհարկե խոչընդոտ է: Ադապտացիոն շրջանի մասին խոսելիս սոցիալական աշխատանքի մասնագետը մի անեկդոտ հիշեց. «Երբ կինը սիրում է ամերիկացուն, ամերիկացին սիրում է փողը, երբ կինը սիրում է ֆրանսիացուն, ֆրանսիացին սիրում է սեքսը, երբ կինը սիրում է հային, հայը սիրում է մամային»:

Ինչեւէ, ամուսնալուծություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ամուսնանալ սիրելով, որը կօգնի անգամ ամենածանր ու դժվարին պահերին էլ փրկել ընտանիքը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4