Մտահոգություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության առիթով
ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ երեկ քաղաքական ուժերից ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն են անհանգստություն հայտնել: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը մտահոգիչ է համարում «Լեռնային Ղարաբաղի շուրջը օկուպացված տարածքներ» ձեւակերպումը: Նա անհանգստացնող է համարել նաեւ ԼՂՀ մայրաքաղաքը «Ստեփանակերտ/ Խանքենդի» կոչելը` արդեն երկրորդ հայտարարությունն է, Ստեփանակերտին զուգահեռ այդպիսի անուն է օգտագործվում: ՀՅԴ ներկայացուցիչը ենթադրում է, որ դաշտային առաքելության իրական նպատակը հայկական վերահսկողության տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձն է, մինչդեռ ոչ մի խոսք չկա հայ փախստականներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձնելու մասին: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ` դաշտային առաքելությամբ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվում: Նա համարում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից Ադրբեջանի բանաձեւը հետ կանչելու պատասխանն է եղել դաշտային առաքելությունը: Իսկ առաքելությունն ամփոփող պատրաստվելիք ԵԱՀԿ ներքին զեկույցը, ըստ Ս. Սաֆարյանի, Ադրբեջանն անպայման կօգտագործի ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում: Նա եւս անթույլատրելի համարեց համանախագահների վերջին հայտարարության «Ստեփանակերտ/Խանքենդի» ձեւակերպումը` դա անվանելով մեր դիվանագիտական պարտություն: Ըստ Սաֆարյանի` բանակցային գործընթացը վտանգված է. «Իրավիճակի նոր շունչ է զգացվում, փորձ է արվում իմիտացիա ստեղծել, թե ամեն ինչ համաձայնեցված է, մնում է միայն իրականացնել համաձայնությունները»: Ըստ նրա` փոխվել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տերմինաբանությունն` ի վնաս Հայաստանի եւ Ղարաբաղի, որտեղ վերջին զեկույցում խոսք է գնացել, որ եթե նոր պատերազմ լինի, Հայաստանի միջամտության դեպքում կարող է հարված հասցվել մեր ատոմակայանին: Մի խոսքով` Ս. Սաֆարյանն այդ ամենին դիմակա` առաջարկում է իր կուսակցության համադարմանը` ԼՂՀ ճանաչումը, պարզ է, «Ժառանգության» օրինագծով:
Մտահոգություններ ունի նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը . ըստ նրա` «Ստեփանակերտ/Խանքենդի» բառակապակցությունը ճիշտ չէ, որովհետեւ Արցախի մայրաքաղաքը երբեք Խանքենդի չի կոչվել: Դա Ադրբեջանի հակաօրինական որոշումն է եղել, որով նա սկսել է վերանվանել Արցախի բոլոր բնակավայրերն ու շրջանները: Ըստ Բաբայանի` այդպիսի բառակապակցության օգտագործումն արդեն բացասական իմպուլս ունի իր մեջ բանակցային գործընթացի համար: Իսկ «գրավյալ» անվանված տարածքների վերաբերյալ Դ. Բաբայանն ասել է, որ այդ տարածքները Ղարաբաղում չեն համարում այսօր ոչ օկուպացված, ոչ բուֆերային, ոչ ազատագրված: Դրանք ԼՂՀ տարածքներն են` ամրագրված երկրի սահմանադրությամբ: Մինչդեռ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը նորմալ վերաբերվել` ընդամենը առաքելության ընթացք է ներկայացվել, քանի որ Մինսկի խումբը կարգավորման ողջ ընթացքում միջնորդական առաքելությունը փորձում է հավասարակշռության մեջ պահել, բանակցությունները շարունակվում են, միջնորդներն էլ ստիպված են օգտագործել որոշ պայմանական ձեւակերպումներ` մինչեւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու անկախ պետականության կարգավիճակի միջազգային ճանաչումը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն, ի դեմս համանախագահների, իր որդեգրած սկզբունքը (բնակավայրերի կրկնակի անունների օգտագործումը) կտարածի նաեւ Ադրբեջանի օկուպացրած ղարաբաղյան տարածքների ապագա դիտարկումների վերաբերյալ ապագա հայտարարություններում:
Մ. Խ.