Աշունը կիսող օրը` հոկտեմբերի 15-ին, անձրեւոտ Երեւանի Մատենադարանին հարակից տարածքում ՀԱԿ-ը անցկացրեց հերթական հանրահավաքը, որը, ինչպես նախօրոք խոստացվեց` «Հաշվի առնելով եղանակային պայմանները` կտեւի կարճ, ավելի կարճ, քան սպասում եք», նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը : Ելույթ ունեցողները գրեթե նույնն էին, թեմաները` նույնպես, միայն թե եղանակային կամ «բովանդակային» պատճառներով, ընդդիմության հանրահավաքներին մասնակից մարդկանց թվերն էին անընդհատ տարբերվում. երեկ, օրինակ, Մատենադարանի հրապարակը բավական սակավամարդ էր:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այս անգամ ամբողջովին վերաբերում էր կոռուպցիային: Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով «մոսկովյան մամուլը», նույնիսկ որոշ անուններ ներկայացրեց` բնականաբար հանրապետության քաղաքական ամենաբարձր էլիտայից, որոնք կոռումպացված են: Ինչեւէ, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց ժամը 18-ին, ժամը 20-ին մոտ արդեն ավարտված էր: Հաջորդն, ըստ համակարգող Զուրաբյանի, կկայանա հոկտեմբերի 19-ին: Ընդ որում այդ օրը` ժամը 12-ից կկազմակերպվի նաեւ պիկետ կառավարական հյուրատան մոտ (Մատենադարանի մերձակայքում), որտեղ այդ օրն անցկացվելու է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով խորհրդաժողով, որին մասնակցելու է ԵԽ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Պրեսկոտը: Իսկ արդեն ժամը 18-ին տեղի կունենա հանրահավաք, որից հետո ցուցարարները, համաձայն Զուրաբյանի խոսքերի, կշարժվեն դեպի «Ազատության» հրապարակ:
Հ. Ա.