Շնորհիվ IFC-ի հետ կնքած համաձայնագրի
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ հայկական «Ամերիաբանկը» երեկ ստորագրեցին միջազգային սվոպերի եւ ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը, որը լրագրողներին ներկայացրին IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը , «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկեւիչը :
Անդրեյ Շինկեւիչը նշեց, որ «Ամերիաբանկը» ընդլայնում է համագործակցությունը IFC-ի հետ, եւ այս համաձայնագիրը ռիսկերի նվազեցմանն է ուղղված: Այսինքնՙ հնարավորություն կտա բանկին ավելի լավ կառավարելու ռիսկերը:
Թոմաս Լյուբեքը նույնպես ընդգծեց, որ այս համաձայնագիրը թույլ կտա «Ամերիաբանկին»ՙ ավելի լավ կառավարել ռիսկերը, ինչը կարեւոր է հատկապես ճգնաժամի ժամանակ: Ըստ IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավարի, նման գործարքներ միջազգային այս կազմակերպությունը կնքել է 22 երկրներում, այդ թվումՙ Ռուսաստանում եւ Վրաստանում: Հայաստանում կնքվում է առաջին անգամՙ «Ամերիաբանկի» հետ:
Թե ի՞նչ է միջազգային տոկոսադրույքների եւ արժութային սվոպերի համաձայնագիրըՙ հագամանորեն ներկայացրեց Տիգրան Ջրբաշյանը: Նա մասնավորապես ասաց, որ Հայաստանի բանկերը, բացի ավանդներից, միջոցներ են ներգրավում նաեւ միջազգային կազմակերպություններից, որոնց տոկոսադրույքները լողացող են: Դրանք փոփոխվում են միջազգային շուկայում կատարվող փոփոխություններին համարժեք, եւ տարեկան երկու անգամ այդ տոկոսադրույքները վերանայվում են: Մինչդեռ տնտեսվարողներին բանկերը վարկեր տալիս են ֆիքսված տոկոսադրույքներով, եւ որպեսզի այդ գործարքում բանկի կորուստների ռիսկը նվազի, «Ամերիաբանկը» կնքել է այս պայմանագիրը IFC-ի հետ: Վերջինս, որոշակի վճարի դիմաց, իր վրա է վերցնում լողացող տոկոսադրույքների ռիսկը եւ «Ամերիաբանկից» ստանում ֆիքսված տոկոսներով վճարումներ: Դրանով, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բանկի ռիսկերը չեզոքացվում են:
Ի դեպ, «սվոպ» նշանակում է «փոխանակում»: «IFC-ն ինչո՞ւ է այդ ռիսկը վերցնում իր վրա» հարցին այն պատասխանը տրվեց, որ IFC-ն էլ միջոցներ է ներգրավում միջազգային շուկաներից լողացող, բայց ավելի ցածր տոկոսադրույքներով, հետեւաբար նա կարողանում է բանկերի ռիսկը վերցնել իր վրա:
«Սա լրացուցիչ հնարավորություն է լինելու մրցունակ եւ բավարարելու մեր հաճախորդների պահանջները», վերջում նշեց «Ամերիաբանկի» ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկեւիչը:
Ա. Մ.