Դրանք հնարավոր է գտնել «Դիջիտեքում»
Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) Հայաստանի տնտեսության միակ ճյուղն էին, որ անցյալՙ տնտեսական ճգնաժամի տարում, երբ տնտեսական անկումը 14,4 տոկոսի հասավ, ոչ միայն անկում չունեցավ, այլեւ արձանագրեց էականՙ 17 տոկոս աճ: Այս ցուցանիշը եւս մեկ վկայություն էր, որ ՏՏ ոլորտը լուրջ ներուժ եւ հեռանկարներ ունի զարգանալու եւ ձեւավորելու տեղեկատվական հասարակություն:
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող առավել նշանակալի միջոցառումներից է ամենամյա «Դիջիտեք» տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որն առաջին անգամ անցկացվել է 2005-ին: Այն տեղի է ունենում Հայաստանի վարչապետի հովանու ներքո, իսկ կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Այս տարի, արդեն 6-րդ Digitec expo ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը: Որո՞նք են այս ցուցահանդեսի առանձնահատկությունները, ի՞նչ սպասելիքներ կան ՏՏ ոլորտից ընդհանրապես: Այս հարցերով տեսակետ հայտնելու խնդրանքով դիմեցինք ոլորտի Հայաստանի առաջատար ընկերություններից մեկիՙ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Մրցունակ մասնավոր հատված ծրագրի (CAPS) տնօրեն Արտակ Ղազարյանին:
Ըստ «Սինոփսիս Արմենիայի» ղեկավարի դիտարկմանՙ այս տարի «Դիջիտեքին» մասնակից ընկերություններն ավելի մեծ լրջությամբ են մոտենում ցուցահանդեսին: Բացի այդ, տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը: «Այսինքնՙ չկա ընկերություն, որ ասի, թե մասնակցել եմ նախորդ տարիների համաժողովներին, բայց այս անգամ չեմ ցանկանում մասնակցել», վստահեցրեց Հովիկ Մուսայելյանը, ավելացնելով, որ ինքը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, հաշվի առնելով, որ այն տարվա կարեւորագույն միջոցառումներից մեկն է: Կոնկրետ իր ղեկավարած ընկերության համար այս «Դիջիտեքն» ավելի շատ վարկանիշային նշանակություն ունի, քանի որ ներկայացնելու է, թե ի՞նչ առաջընթաց է ունեցել անցած տարվա ցուցահանդեսից մինչեւ այս տարվա ցուցահանդես ընկած ժամանակում, եւ թե Հայաստանում ի՞նչ զարգացում է ապրել ոլորտը: Մասնավորապես, այդ ընթացքում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների թիվը 370-ից հասել է 520-ի: Դա հիմնականում այլ ընկերության ձեռքբերման հաշվին է իրականացել, որը նույնպես լուրջ ցուցանիշ է: Երկրորդՙ ընկերությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից այս տարի ճանաչվել է աշխարհի լավագույն 12 ընկերություներից մեկը, որը չափազանց կարեւոր է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ «Սինոփսիս Արմենիայի» համար: «Լինելով 25 տարվա ընկերություն եւ ներկայացված լինելով մոտ 50 ընկերություններում, ոչ մի երկրում նման հաջողություն չի ունեցել: Դա մեր նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է, որը եւս կներկայացնենք ցուցահանդեսում: Դա կարծիք կձեւավորի, որ երկրում այս ոլորտը զարգացումներ ունի, քանի որ հնարավոր չէ, որ երկրում հետընթաց լինի, բայց մեկ ընկերություն կտրուկ զարգացում արձանագրի», ասաց «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը:
Հովիկ Մուսայելյանը եւս մեկ գործոն է շատ կարեւորումՙ տարեցտարի երիտասարդների հոսքի աճ այս ցուցահանդեսում: «Ես սա ավելի շատ եմ կարեւորում, քան ընդհանուր մասնակիցների թվի աճը: Եթե երիտասարդների քանակը շատանում է նման միջոցառումների ժամանակ, ուրեմն մենք առաջ ենք շարժվում տեղեկատվական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ», համոզմունք հայտնեց նա: Միաժամանակ, Հովիկ Մուսայելյանը կարծիք հայտնեց, որ նկատի ունենալով այս ոլորտի կարեւորությունը եւ այս ոլորտում անցյալ տարի արձանագրված բարձր աճը, ճիշտ կլինի, որ կառավարությունն ավելի շատ գումարներ հատկացնի նմանատիպ միջոցառումների իրականացմանը:
Մրցունակ մասնավոր հատված ծրագրի (CAPS) տնօրեն Արտակ Ղազարյանի կարծիքովՙ «Դիջիտեքն» այն տեղն է, որտեղ հնարավոր է գտնել տնտեսության տարբեր ճյուղերում կիրառելի նոր գաղափարներ եւ նոր լուծումներ: Այդ առումով նա կարեւոր համարեց սկսնակ ընկերություններին աջակցելըՙ մասնակցելու այդ ցուցահանդեսին, ինչն իրականացնում է ծրագիրը:
«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս այս ոլորտը պետք է առաջ տանեն երիտասարդ մասնագետները, ովքեր շատ հաճախ դուրս են մնում մրցակցությունից, քանի որ չեն համարձակվում ձեռնարկել նոր գործ` գործարարություն սկսելու խնդիրներից վախենալով: Գրեթե բոլոր փայլուն նախաձեռնությունները աշխարհում առաջ են եկել երիտասարդ կադրերի շնորհիվ, որոնք աջակցություն են վայլելել ու ունեցել են ստեղծագործական ազատություն», փաստեց Արտակ Ղազարյանը: Նա նաեւ ավելացրեց, որ CAPS-ը փորձում է ստեղծել Start up ընկերությունների շարժում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով նախատեսված 2018-ին 1000 ընկերություն ունենալու նպատակը իրականություն դառնալ չի կարող, եթե յուրաքանչյուր տարի ներկայիս 25-30-ի փոխարեն չստեղծվեն տասնապատիկ ավելի ընկերություններ: CAPS-ի տնօրենը եւս առաջարկներ ուներ այս ոլորտի հետագա զագացման ուղղությամբ: Նրա համոզմամբՙ Հայաստանում գիտելիքների որակի բարձրացման պահանջարկը չի խրախուսվում, եւ մասնավորապես անընդունելի է մասնագետի վերապատրաստման համար կատարված ծախսերի հարկումը, որը հավելյալ խոչընդոտ է բիզնեսի զարգացման ճանապարհին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ