ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանում իրացվող հացի շուրջ 13-ը եւ հացաբուլկեղենի մինչեւ 40 տոկոսն անհայտ ծագում ունեն: Այս թվերը ստացվել են Սպառողների ազգային ասոցիացիայի անցկացրած մոնիտորինգով: Եթե հացը եւ, առհասարակ որեւէ մթերք, անհայտ ծագում ունի, ապա դրա որակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Նախկինում հացի վերահսկողությունն իրականացնում էր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչությունը, այսօր այդ գործառույթը կատարում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Գերատեսչությունը շուրջ 2 տարի է փոխվել է, սակայն հացի որակը մնացել է նույնը: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հացի, հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի խորացված ուսումնասիրությամբ սկսել են զբաղվել 2006 թվականից: «Այն ժամանակ հացի որակը սարսափելի էր: Հացի արտադրության մեջ օգտագործում էին անհայտ ծագումով բարելավիչներ, որոնք ներկրվում էին Թուրքիայից եւ Իրանից», ասաց Մելիտա Հակոբյանը: Վերջինիս փոխանցմամբ` հացի բարելավիչներն այսօր բերվում են Եվրոպայից, եւ դրանք ավելի որակով են, քան Թուրքիայից եւ Իրանից ներկրվածները: Բարելավիչների որակը լավացել է, սակայն չի լուծվում դրանց քանակի հարցը: Այսինքն` բարելավիչներն անկանոն են օգտագործվում: «Հիմա չեն հաշվում` քանի՞ կիլոգրամ հացին ինչքա՞ն բարելավիչ է հարկավոր: Ով ինչքան հասցնում է, շերեփով լցնում է, առանց կշռելու», երեկ «Արմատ» ակումբում նշեց Մելիտա Հակոբյանը:
Հացի մեջ պահանջվածից մի քանի անգամ ավելի շատ բարելավիչներ են օգտագործվում, իսկ բարելավիչը, ըստ Մելիտա Հակոբյանի` «Այդքան էլ անմեղ բան չէ»: Օրգանիզմում բարելավիչները կուտակումներն են առաջացնում եւ նպաստում տարբեր հիվանդությունների առաջացմանը:
Եթե որեւէ երկրի կենսամակարդակը ցածր է, ապա տվյալ երկրի բնակչությունը ե՛ւ շատ հաց է ուտում, ե՛ւ շատ ծխում է: Մելիտա Հակոբյանի խոսքով` 1 ճաշի ընթացքում եվրոպացին օգտագործում է 50-100 գրամ հաց, իսկ հայ մարդը` 300-400 գրամ: Հայաստանում ազգաբնակչությունը հաց շատ է ուտում: Նախաճաշելիս, ճաշելիս եւ ընթրելիս ասում ենք` «Նստենք հաց ուտելու», առանց հացի սեղան չենք նստում, իսկ սեղանին դրված հացն էլ պատրաստված է անհայտ քանակությամբ բարելավիչներից եւ , Աստված գիտի, ինչ պայմաններում: «Մեր ամենացավոտ կողմը այն է, որ ոչ մի հաց չի մակնշվում, հացի գներն էլ քիչ խանութներում են գրված: Այս մասին գյուղատնտեսության նախարարությանը մի քանի անգամ տեղյակ ենք պահել»: Չնայած Սպառողների ազգային ասոցիացիան հացի մակնշման հարցով դիմել է գյուղ. նախարարությանը, բայց, ինչպես տեսնում ենք, սայլը տեղից չի շարժվում: «Ամեն մի մթերքի համար պետք է անձնագրավորում մշակել», նշեց Մ. Հակոբյանը:
Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն էլ նշեց, որ Հայաստանում կան նաեւ ստվերում գործող հաց արտադրողներ: Սա արդեն հարկային մարմինների խնդիրն է, որպեսզի այդ արտադրողներին «ջրի երես հանեն»: Եթե խանութում հաց վաճառողից փորձենք իմանալ, թե իր վաճառած հացը որտե՞ղ եւ ո՞վ է արտադրել, ապա կտեսնենք, որ շատ վաճառողներ այդ մասին պատկերացում էլ չունեն: «Եթե կարողանանք նորմալ վերահսկել մեր արտադրություններն ու տեսնել` արտադրանքն ինչպե՞ս է արտադրամասից խանութ հասնում, կկարողանանք նաեւ ինչ-որ բան փոխել», ասաց Մ. Հակոբյանը: Սպառողների ազգային ասոցիացիան դիմել է կառավարությանը, որպեսզի հացի արտադրությունը պարզ ընթացակարգից անցնի բարդ ընթացակագի: Մ. Հակոբյանը հավելեց, որ արտադրողը պետք է հետեւի սանիտարական նորմերին. «Ով պատահիՙ հաց է արտադրում, չգիտենք` տվյալ մարդը հիվա՞նդ է, թե՞ ոչ»:
Բանախոսներն ասուլիսն ավարտեցին այնպիսի հոռետեսությամբ, ինչից կարելի է հետեւություն անել, որ բարձրորակ հացին դեռ պետք է երկար սպասենք: