«Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող իրադարձություններին երեկ անդրադարձան «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը :
Ներկայումս Deep Purple եւ Black Sabbath խմբերի երկրպագուները մեծ հետաքրքրությամբ սպասում են Out of my mind երգի թողարկմանը: Այս երգը Յան Գիլանի (Deep Purple) եւ Թոնի Այոմիի (Black Sabbath) համագործակցության արդյունքն է լինելու: Երգի հանդեպ երկրպագուների հետաքրքրությունը մեծ է հատկապես այն պատճառով, որ Յան Գիլանը Black Sabbath-ի անդամ է եղել: Ռոք աստղերի երկրպագուները ոգեւորությամբ սպասում են, թե ինչպիսին կլինի Գիլանի եւ Թոնի Այոմիի համագործակցության նոր փորձը: Հայաստանում եւս սպասում են Out of my mind երգի թողարկմանը ու ավելի մեծ ակնկալիքներով, քան այլ երկրներում. Out of my mind երգի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ակնկալվում է, որ երգը կթողարկվի մինչեւ տարեվերջ:
«Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի պատմությունը սկսվել է դեռեւս 1989 թվականից, երբ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով Ջոն Դիի նախաձեռնությամբ ռոքի աստղերը ձայնագրեցին Smoke on the water երգը: 20 տարի անց` 2009 թվականին Ջոն Դին պատրաստեց Smoke on the water-ի ռեմիքս տարբերակը, սակայն ռեմիքսի թողարկումը փոքր-ինչ հետաձգվեց: Արա Թադեւոսյանը տեղեկացրեց, որ երեկ գերմանական Edel ընկերությունը թողարկել է Smoke on the water-ի ռեմիքս տարբերակը: Ռեմիքսի վաճառքից գոյացած ողջ հասույթը նույպես ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Երեկվանից Smoke on the water-ի ռեմիքսը վաճառվում է Գերմանիայում, իսկ հաջորդ շաբաթվանից հասանելի կլինի բոլոր երկրների բնակիչների համար: Հոկտեմբերի 26-ից էլ հնարավոր կլինի ռեմիքսը բեռնել iTunes օն-լայն խանութից:
Խոսելով «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի մասին` Չարլզ Լոնսդեյլը նշեց. «Սա Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ գոյություն ունեցող հրաշալի երաժշտական կապ է»: Չարլզ Լոնսդեյլը կարեւորեց, որ այս համագործակցությունը շարունակական լինի. «Մենք ուզում ենք, որ հայ երաժիշտները եւս համագործակցեն այս ծրագրի շրջանակներում»:
Անդրադառնալով ծրագրին հայ երաժիշտների մասնակցության հարցին` Արա Թադեւոսյանն ասաց, որ հայ երաժիշտների մասնակցությունը սիմվոլիկ բնույթ կունենա: Հայաստանում համերգ տալով դժվար թե հնարավոր լինի գումար հավաքել դպրոցի շինարարության համար:
Գյումրիի երաժշտական դպրոցի շինարարության համար, ըստ Արա Թադեւոսյանի, 250 հազար դոլար է հարկավոր, որի գրեթե 1/3 մասը` 75 հազար դոլարը, արդեն հավաքվել է: Երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը ներկայացվել է նաեւ Queen խմբի հիմնադիր-անդամ Բրայան Մեյին: Չի բացառվում, որ ծրագրի իրականացման գործում Բրայան Մեյը եւս մասնակցություն կունենա:
Ասուլիսի վերջում բանախոսներն ասացին, որ Բրայան Մեյը պարգեւատրվել է «Պատվո շքանշանով»: Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը Բրայան Մեյին հանձնել է 2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Պատվո շքանշանը»:
Ի. Պ.