Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգերսի նախագահ Արա Աբրահամյանի հրավիրած ասուլիսով տրվեց Հայաստանում ՌՀՄ-ի 10-ամյակին նվիրված օրերի մեկնարկը: Աբրահամյանը ամփոփ ներկայացրեց Միության անցած տասնամյա ճանապարհը, որտեղ, ինչպես հենց ինքը նկատեց. «Իրականացված ծրագրերն այնքան շատ են, որ անհնար է բոլորի մասին խոսել»: ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը ընդգծեց, որ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի հայերի միությունը կայացած հասարակական կազմակերպություն է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում. «Այսօր մեր կազմակերպությունը ամենակայացած հասարակական կազմակերպություններից է Ռուսաստանում: Ռուսաստանի հայերի միությունը մասնակից է ՌԴ-ում ընթացող գրեթե բոլոր ժողովրդավարական գործընթացներին: Մենք աշխատում ենք ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ էթնիկ կամ ռուսական հասարակական կազամակերպությունների հետ», նշեց Աբրահամյանը` հավելելով, որ, օրինակ, Ռուսաստանի ադրբեջանական միության հետ նույնպես կան գործնական հարաբերություններ. «Ադրբեջանցիների միության հետ մենք հենց սկզբից պայմանավորվեցինք, որ Կովկասում եղած հարցերը թողնում ենք Կովկասում, իսկ Ռուսաստանում մենք բոլորս ՌԴ քաղաքացիներ ենք», նշեց Աբրահամյանը:
Անդրադառնալով հայության համար մեծ կարեւորություն ունեցող խնդիրներին` ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը խոսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
Այս կապակցությամբ Աբրահամյանը հատկապես ընդգծեց Մոսկվայում ստեղծված Միջազգային իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի նշանակությունը. «Ես ուզում եմ հատկապես նշել երջանկահիշատակ պրոֆեսոր Յուրի Բարսեղովին եւ նրա` Ցեղասպանության վերաբերյալ եռահատորյակը. սա հիրավի անգնահատելի աշխատություն է», ասաց Աբրահամյանը:
Խոսելով Միության տասնամյա գործունեության թերացումներից` Աբրահամյանը նկատեց, որ, դեռեւս չի հաջողվել համախմբել ռուսաստանաբնակ բոլոր հայ գործարարների ներուժը` հանուն հայրնենիքի զարգացման. «Սակայն ես ուզում եմ շեշտել` ես երջանիկ կլինեմ, եթե բոլորն ինձանից շատ անեն ու շատ ավելի լավ, քան ես», ընդգծեց Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահից հետաքրքվեցին, թե արդյո՞ք որեւէ կերպ կանդրադառնա Մոսկվայի հայերի վրա ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի փոփոխությունը. «Անշուշտ, Յուրի Լուժկովը հայերի բարեկամն է, սակայն նոր քաղաքապետին` Սոբյանինին ես ճանաչում եմ որպես պրոֆեսիոնալ պաշտոնյայի: Չեմ կարծում, որ Մոսկվայի իշխանությունների հետ մեր համատեղ ծրագրերը կարող են խոչընդոտվել քաղաքապետի փոփոխությամբ. անհնար է, որ նոր քաղաքապետի հետ կոնկրետ Ռուսաստանի հայերի միությունը չհամագործակցի», ասաց Արա Աբրահամյանը:
Վերջում ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, որ վերջինս` «համաձայն իր խոստումի, ստեղծեց Սփյուռքի նախարարությունը, որն անգնահատելի դերակատարում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հ. Ա.