«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2010-10-15 | #189, 2010-10-16 | #190, 2010-10-19


2011 ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` 850 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 998 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԴԵՖԻՑԻՏԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ ՀՆԱ-Ի 4 ՏՈԿՈՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի մշտական հանձանաժողովների համատեղ նիստում երեկ ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի նախագծի տրամաբանությունը եւ այն հիմնական սկզբունքները, որոնցով ղեկավարվել են կառավարությունում նախագիծը կազմելիս:

2011 թվականի բյուջեի հիմնական թիրախ է լինելու կայուն եւ երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովումը` պետական բյուջեի նոր նախագիծը կազմվել է այդ տրամաբանությամբ, ավելի կոշտ մակրոտնտեսական ցուցանիշներ են դրվել բյուջեի հիմքում, ավելի ցածր դեֆիցիտ: Սրանք ապահովվելու են բավարար պահուստային միջոցների կուտակմամբ` անկանխատեսելի իրավիճակներում որոշակի զսպանակ ունենալու համար, Կենտրոնական բանկում ձեւավորված կայունացման հիմնադրամի, ԿԲ խողովակով մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի միջոցով, որոնք խթանելու են տնտեսական աճը եւ մակրոտնտեսական կայուն իրավիճակը: Վարչապետը տեղեկացրեց, որ արտաքին պարտքի շուրջ 700 մլն դոլարը չի ծանրանալու պետական բյուջեի վրա, այլ այդ պարտքը սպասարկելու են մասնավոր ձեռնարկությունները` տրամադրված վարկերը սպասարկելով, որն այս պահին արդեն իրականացվում է: Սա միջոցառում է, որն ապահովելու է մակրոտնտեսական կայունությունը:

2011-ի բյուջեի երկրորդ թիրախը տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված միջոցառումների իրականացումն է լինելու` ինդուստրիալ քաղաքականության տրամաբանությունը ուղղված է լինելու էքսպորտի խթանմանը, կոնկրետ ծրագրեր են իրականացվելու, ինչպես օրինակՙ գյուղատնտեսական հումքի վերամշակմանն ուղղված միջոցառումները:

Այս առումով վարչապետը խոսեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու մասին, որի նպատակն է լինելու մեծածախ առեւտրով զբաղվող համաշխարհային բրենդներ բերել օդանավակայան եւ հենց տեղում իրականացնել գյուղմթերքների գնում, փաթեթավորում, լաբորատոր ստուգում, սառնարանային տնտեսության կազմակերպում եւ գյուղմթերքների արտահանում օդնավակայանից:

Այս ծրագիրն արդեն փետրվար-մարտ ամիսներին կսկսի աշխատել: Մի ուղղություն էլ գյուղատնտեսության ոլորտում համատեղ պետական-մասնավոր ձեռնարկությունների ձեւավորումն է, որոնք հիմնականում զբաղվելու են արտահանումով: Վարչապետ Տ. Սարգսյանը, էլի որպես օրինակ, նշեց առաջին այդպիսի նախագծի ստեղծման մասին` «Հայկական պանիր» ձեռնարկություն է ստեղծվել` բրենդի գրանցմամբ, լիցենզիաների ստացմամբ, ինչը հնարավորություն է տվել արդեն իսկ պանրի արտահանում իրականացնելու Ռուսաստանի Դաշնություն, 2011-ից ենթադրվում է արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Ձկնաբուծության մեջ նույնպես համալիր միջոցառումներ են իրականացվում: Նմանատիպ նախագծերը` պետություն-մասնավոր համագործակցության միջոցով նպատակն ունեն էապես ավելացնել արտահանման ծավալները: Տ. Սարգսյանը նաեւ նշեց ներուժ ունեցող տուրիզմի զարգացուման ծրագրի մասին, որի առաջին փուլը վերաբերում է Սյունիքի մարզին. «Այդ ծրագրի սկիզբը դրեցինք շաբաթ օրը` բացելով Տաթեւի համալիրը, ինչպես նաեւ ճոպանուղին, որն ունի միջազգային մեծ գրավչություն: Հաջորդ փուլը վերաբերելու է Ջերմուկին: Մի նոր ծրագիր, որը նույնպես իրականացնում ենք Մքքենզիի հետ, վերաբերում է տուրիզմի զարգացմանը` կապված Սեւանում նոր միջազգային տուրիստական սպորտային համալիրի կառուցման հետ: Բիզնես-ծրագիրն արդեն մշակվում է, եւ մեր գործընկերների գնահատականներով` նրանք կկարողանան լուրջ ներդրողներ հրավիրել, որպեսզի տուրիզմի բնագավառում այս տարածաշրջանը նույնպես թափով զարգանա»:

Խոսելով նոր բյուջեի երրորդ թիրախի մասին` վարչապետը դա բարեփոխումներին ավելի մեծ թափ հաղորդելը համարեց, նշելով էլեկտրոնային համակարգի ներդրման, դրա համար օրենսդրական նախաձեռնություններով մեխանիզմներ ապահովելու մասին:

Բարեփոխումների ուղղություններից մեկը, վերեւում ասվեց, նպատակ ունի խթանելու տնտեսության դիվերսիֆիկացիան: Այդ առումով նոր թափ է ստանալու Զարգացման հայկական գործակալությունը, որն այս պահի դրությամբ ունի 23 մշակված ծրագրեր` միջազգային բովանդակությամբ. «Մեր բյուջետային կանխատեսումները, ելնելով այս ռազմավարությունից, ենթադրում են, որ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կլինեն 850 մլրդ դրամի շրջանակներում: Դա բավական լուրջ թիրախ է մեզ համար: Ծախսային մասը կկազմի 998 մլրդ դրամ, բյուջետային դեֆիցիտը, ինչպես ես նշեցի, չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը:

Մեր գնահատականներով, բավական լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսակետից, բայց այն ռեզերվները, որ մենք ձեւավորում ենք, լավատեսություն են ներշնչում այն առումով, որ կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011թ., եթե հանկարծ մակրոմիջավայրը լավը չլինի կամ եթե համախառն ներքին արդյունքի աճը, որ կանխատեսում ենք (4.6 տոկոս), չկայանա», նկատեց վարչապետը:

Այնուամենայնիվ, ըստ Տ. Սարգսյանի, 2011 թ. սկզբին Կենտրոնական բանկում միասնական հաշվի վրա կունենանք կուտակված բավարար ռեզերվներ, եւ բյուջեի կատարողականը 2011 թ. այդ առումով ռիսկային չի լինի: Առաջին հերթին ուշադրության են արժանանալու բանակի պաշտպանունակության բարձր մակարդակը, սոցիալական խնդիրների լուծումը (Տ. Սարգսյանը նոր բյուջեն անվանեց սոցիալական ուղղվածության` սոցիալական ծախսերն աննախադեպ բարձր են լինելու):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4