«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2010-10-15 | #189, 2010-10-16 | #190, 2010-10-19


ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 24 ԺԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտում համոզված են, որ «Ժառանգության» օրինագիծը չպետք է դրվի քվեարկության

«Ժառանգություն» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այն ճանաչել էին արտահերթ, հետեւաբար օրինագիծը քննարկվեց ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ: Կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե օրինագիծը մեծ օրակարգում չմնա, ապա հաջորդ առօրյայի ժամանակ նախագիծը կդրվի քվեարկության:

Օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն էին արտահայտել խորհրդարանական խմբակցության ղեկավարները: ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցության ղեկավարները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու` պատճառաբանությամբ, որ ԼՂՀ ճանաչումը կխանգարի բանակցությունների ընթացքին: ՀՅԴ խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, որ դեմ են օրինագծին, սակայն եթե դրվի քվեարկության` ՀՅԴ-ի պատասխանը «կողմն» է:

Մինչ խորհրդարանում քվեարկության կդրվի վերոնշյալ օրինագիծը, «Ազգը» զրուցեց ԼՂՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների հետ` պարզելու նրանց կարծիքն օրինագծի վերաբերյալ:

«Անհարմար վիճակում ենք հայտնվում, երբ մեզ հարցնում են` «Ի՞նչ եք մտածում ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ»: Իսկ մենք ի՞նչ պետք է մտածենք: Ինչպե՞ս կարող ենք անընդհատ կրկնել ԼՂՀ միջազգային ճանաչում եւ միաժամանակ ասել, որ դեմ ենք այդ օրինագծին: ԼՂՀ միջազգային ճանաչում ասելով չենք տարանջատում, որ պետք է լինի առանձին ճանաչում ՀՀ-ից եւ հետո առանձին ճանաչում միջազգային հանրությունից: Եթե որեւէ մեկը, թեկուզ տեսականորեն հիմնավորի` արդյոք ճանաչումը կարո՞ղ է լավ սկիզբ դառնալ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում, ավելի հեշտ կկողմնորոշվենք: Սա այն հարցը չէ, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացվի քաղաքական տարաձայնությունների համատեքստում: Ճանաչումը պետք է լինի քաղաքական համաձայնության արդյունքում եւ միայն «կողմ» քվեարկությամբ», ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը :

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության նախագահ Արմեն Սարգսյանը ԼՂՀ ճանաչումն ուշացած է համարում: «Այդ բացը, ուշացածը լրացնելու եւ փակելու համար պետք է երկու երկրների տարբեր նախարարությունների միջեւ բարձր մակարդակով պայմանագրեր կնքվեն, եւ դա կփաստի, որ Հայաստանը վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն: Իսկ եթե օրինագիծը դրվի քվեարկության, ապա պետք է անցնի միաձայն», ասաց նա:

«Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արպատ Ավանեսյանը ներկայացրեց 1992-ի Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որի համաձայն Հայաստանն անընդունելի է համարում միջազգային պետական որեւէ փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն կամրագրվի որպես Ադրբեջանի մաս: «Դա հավասարազոր է ԼՂՀ-ի ճանաչմանը», նշեց նա:

«Չէի ցանկանա, որ օրինագիծը դրվեր քվեարկության եւ մերժվեր: Հույս ունեմ, որ «Ժառանգությունը», պահի եւ երեւույթի կարեւորությունը գիտակցելով, կանոնակարգով նախատեսված ընթացակարգ կօգտագործի եւ օրինագիծը կհանի: Ընդհանրապես այն չպետք է շրջանառության դրվեր: ԼՂՀ անկախության ճանաչումը վերջ կտա ԵԱՀԿ-ի ՄԽ բանակցություններին, ինչը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Եթե փոքր-ինչ հոռետես լինենք, կարող է վտանգել նաեւ ԼՂՀ ժողովրդին», ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ` հավելելով, որ ճանաչումը երբեք ուշացած չի լինում, սակայն պետք է հաշվի առնել, թե երբ է կատարվում, ինչպես եւ ինչ հանգամանքներում: Նրա մեկնաբանությամբՙ ճանաչման մասին հարցը այլընտրանք է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը եւ պետք է լինի Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական դաշտի օրակարգում, սակայն ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանից չպետք է սկսվի: Նա Կոսովոյի օրինակը համարում է բացառիկ երեւույթ, արեւմտյան երկրների կոնսենսուսի հետեւանք, եւ օրինակ բերում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միակողմանի ճանաչման փաստը, որի հետեւանքով ԱՊՀ բազմաթիվ երկրների անվտանգության երաշխավոր եւ տնտեսական հովանավոր Ռուսաստանը միջազգային կազմակերպությունների հետ խնդիրներ վաստակեց: «Հայաստանի նման նվազ ռեսուրսներ ունեցող, շրջափակման պայմաններում ապրող պետությունը, չի կարող հակադրվել միջազգային հանրությանը: Հարկավոր է անկեղծ լինել, եթե այսօր երկիրը միջազգային շփումներով է իր տնտեսական եւ սոցիալական հարցերը լուծում, չպետք է գնա հոսանքին դեմ: Ինչո՞ւ ենք մոռանում` գուցե խնդիրն այնպես դասավորվի, որ ԼՂ-ն Հայաստանի մաս կազմի: Ի՞նչ է, այսօր ճանաչելու ենք, վաղը հայտարարենք` եկեք միավորվեն՞ք», ասաց Վահրամ Աթանեսյանը:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ խնդիրը ոչ թե փաստաթղթի տակ ճանաչման ստորագրության առկայությունն է, այլ հաջորդող քայլերը, որ պետք է լրջորեն հաշվարկել: «Արդյոք ճանաչումից հետո Հայաստանին կմիանա՞ն հարեւան երկրներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այս պահին պատասխանը բացասական է: Հետեւաբար Հայաստանը կարող է աշխատել այլ երկրների հետ, որպեսզի նրանք ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Ի վերջո Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, որ նա ճանաչի ԼՂՀ անկախությունը: Որեւէ մեկը չի կասկածում` եթե միակ այլընտրանքը ճանաչումը լինի` առավելագույն 24 ժամ կպահանջվի, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը», եզրափակեց Վահրամ Աթանեսյանը` «Ժառանգություն» կուսակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հետագայում նման օրինագիծ ներկայացնողներին խորհուրդ տալով ուշադիր կարդալ ՀՀ սահմանադրության պրեամբուլան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4