Բանկիրների եւ ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովում հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
Բանկիրների եւ ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովը երեկ տեղի ունեցավ Երեւանումՙ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից ժամանած այս ոլորտը ներկայացնող մեր հայրենակիցների մասնակցությամբ: Համաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը , որն ընթերցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ուղերձում Սերժ Սարգսյանը մասնավորապես համոզմունք էր հայտնել, որ համաժողովի մասնակիցները համատեղ ջանքերով կսերտացնեն Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցությունըՙ մասնագիտական հիմքի վրա ստեղծելով բանկիրների եւ ֆինանսիստների հայկական միությունը:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում անդրադարձավ մեր երկրի ֆինանսա-բանկային համակարգի կացությանն ու զարգացման հեռանկարներին: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր միջոցառումների իրականացումն այս ոլորտում: Դրանք են ազգային հիպոթեկային ընկերության ստեղծումը, կենսաթոշակային բարեփոխումները, ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունը, առողջապահության ապահովագրության հայեցակարգի մշակումը, Համահայկական բանկի ստեղծումը: «Մենք այս պահին Համահայկական բանկի ստեղծման ակունքների մոտ ենք, եւ համապատասխան ուսումնասիրություններն արվել են: Օրերս կնշանակվի այդ կառույցի ղեկավարը, եւ կառավարության կողմից կտրամադրվի այդ կառույցին համապատասխան շենքը: Բիզնես ծրագիրը ձեւավորելուց հետո կառույցի նորանշանակ ղեկավարները կներկայացնեն հետագա ծրագրերն ու անելիքները», նշեց ԿԲ նախագահը:
Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն այն կարծիքը հայտնեց, որ համաժողովի ընթացքում փորձ կարվի ստեղծելու համահայկական մի կառույց, որի մեջ կներգրավվեն Հայաստանում եւ արտերկրում գործող հայ բանկիրներն ու ֆինանսիստները: Ըստ Արարատ Ղուկասյանիՙ դա կօգնի փոխլրացնելու ե՛ւ Հայաստանի, ե՛ւ արտերկրի փորձը:
Ա. Մ.