«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում սրտաբանական կենտրոն է կառուցվել: «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտը հանդիսավորությամբ նշվել է հոկտեմբերի 16-ին: Հիմնադրամի ծրագիրն ընդունելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գորիս էր ժամանել բարերարների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ հյուրերի մեծ պատվիրակություն: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը (ASAF) եւ Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոն նահանգի վարչակազմը դեռեւս մեկուկես տարի առաջ հանդես էին եկել բուժհաստատության կառուցման նախաձեռնությամբ: Ծրագրի նվիրատուներից է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Գումարի մի զգալի մասն էլ հատկացվել է ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանի կտակի համաձայն: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 432 միլիոն դրամ: Մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության միջոցներով հիվանդանոցը նաեւ կահավորվելու է, համալրվելու է բուժտեխնիկայով եւ սարքավորումներով:
Ի. Պ.