Երեկ Մամուլի ազգային ակումբում հյուրընկալվել էին սփյուռքահայ խմբագիրները: Նրանք անդրադարձան ե՛ւ սփյուռքահայ, ե՛ւ հայաստանյան մամուլի գործունեությանն ու խնդիրներին: «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը սկզբում ներկայացրեց «Օրեր» ամսագիրը, որը լույս է տեսնում Պրահայում: «Մեր ամսագիրը նպատակ ունի եվրոպահայությանը տեղեկացնել ոչ միայն Հայաստանում եւ Չեխիայում, այլեւ եվրոպական տարբեր համայնքներում տեղի ունեցող մշակութային, հասարակական ու մարզական իրադարձությունների մասին», նշեց Հակոբ Ասատրյանը : Նա տեղեկացրեց, որ սփյուռքահայ խմբագիրները եկել են Հայաստան, որպեսզի մասնակցեն Հայաստանի սփյուռքի նախարարության կազմակերպած լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին, որը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Համաժողովին մասնակցում էին աշխարհի 26 երկրներից ժամանած խմբագիրներ ու լրագրողներ:
Ասուլիսի մյուս բանախոսը Կալինինգրադի մարզում լույս տեսնող «Նաիրի» թերթի խմբագիր Ֆելիքս Գեւորգյանն էր, որը նաեւ Կալինինգրադի հայ համայնքի նախագահն է: Ֆելիքս Գեւորգյանը տեղեկացրեց, որ «Նաիրի» թերթի գերխնդիրը համայնքում ազգային ինքնության պահպանման կարեւոր գործին նպաստելն է:
Լոս Անջելեսում լույս տեսնող «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի եւ «Ասպարէզ» օրաթերթի խմբագիրներն էլ հակիրճ ներկայացրին իրենց լրատվամիջոցները: Աբո Պողիկյանը ` «Ասպարէզ» թերթի գլխավոր խմբագիրը, նշեց, որ «Ասպարէզը» արդեն 102 տարվա թերթ է, լույս է տեսնում 1908 թվականից: Սկզբում «Ասպարէզը» լույս է տեսել Ֆրեզնոյում, 1970 թվականից հրատարակվում է Լոս Անջելեսում: «Համայնապատկեր» գրական մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը տեղեկացրեց, որ «Համայնապատկերը» բաժանորդներ ունի Միացյալ Նահանգների 13 նահանգներում:
Իրենց լրատվամիջոցները ներկայացնելուց հետո բանախոսներն անդրադարձան լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին: Հակոբ Ասատրյանը կարեւորեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի եւ Հայաստանի խմբագիրները հնարավորություն են ունենում միմյանց հետ ծանոթանալու: «Սփյուռք-Հայաստան տեղեկատվական դաշտը պետք է փոխկապակցված աշխատի: Հատկապես տեղեկատվական պատերազմում շատ կարեւոր է հայաստանյան եւ Սփյուռքի լրատվամիջոցների փոխկապակցված աշխատանքը», ասաց Հակոբ Ասատրյանը:
Խոսելով Սփյուռքի լրատվամիջոցների խնդիրների մասին` բանախոսներից Սարո Գյոդակյանը նշեց. «Մեր ամենագլխավոր խնդիրը ֆինանսական հարցերն են, ինձ թվում էՙ այս խնդիրը վերաբերում է Սփյուռքի գաղթօջախների բոլոր թերթերին: Ինչ վերաբերում է թղթակցություններին, դրանով մենք ապահովված ենք»: Հակոբ Ասատրյանը նույնպես մի քանի խնդիրներ առանձնացրեց. «Նոր սփյուռքի պարագայում հայաստանցիների համար առաջնայինը ոչ թե ֆինանսական խնդիրն է, այլ նրանց մեջ բաժանորդագրվելու եւ թերթի համար վճարելու ավանդույթն է բացակայում»: Հակոբ Ասատրյանի փոխանցմամբՙ «Օրերի» տպաքանակի մեծ մասն անվճար է բաժանվում. «Եվրոպայում ինքնաբավ պարբերական պահելը ֆինանսական առումով շատ դժվար է»:
Ասուլիսի վերջում, խոսելով Սփյուռքի եւ հայաստանյան մամուլի ազատության մասին, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիրը նշեց, որ տպագիր մամուլը ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում հիմնականում ազատ է: «Եթե պետք է լինում քննադատել, մենք քննադատում ենք, սակայն առանց անձնական վիրավորանքներ հասցնելուՙ ի տարբերություն հայաստանյան շատ լրատվամիջոցների, որոնք երբեմն խախտում են էթիկայի բոլոր կանոնները: Հայաստանում լրագրության մեջ այնպիսի նոր «ավանդույթներ» են մտել, որոնք ինձ շատ են վհատեցնում», նշեց Հակոբ Ասատրյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ