Ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրան օտարերկրյա այն սակավ արվեստագետներից է, որ հայաստանյան կյանքին ներգրավվեց համեմատաբար ակտիվորեն: Լուսանկարչի համար հայկական իրականությունը չդարձավ արվեստի էպիզոդիկ դրվագ: Նրա լուսանկարչական ծրագրերից երկուսը կյանք առան հայաստանյան միջավայրից. Ֆեոլետովո գյուղն ու մարդիկ, նրանց առօրյան, սովորույթներն ու բարքերը արտացոլող լուսանկարչական շարքն իրականացավՙ որպես էթնիկ փոքրամասնությանՙ ազգային, կրոնական նկարագրի ամբողջական պահպանման օրինակՙ օտար պետության հետ հարաբերության կոնտեքստում: Ցուցադրությունը 2008-ին կայացավ Մարսելումՙ արժանանալով տեղի հայ համայնքի մասնավոր հետաքրքրությանը:
Ավելի ուշ լուսանկարչի հայացքը տեղափոխվեց երեւանյան իրականություն, արձանագրելով քաղաքի կառուցապատմանՙ հնի ու նորի հարաբերության ընթացքները: Լուսանկարիչը քաղաքի ճարտարապետությանՙ ո՛չ հնի, ո՛չ նորի ձեւերում գեղարվեստականություն կամ ազգային առանձնահատկություն չի որոնում, ավելի շուտ նա արձանագրում է քաղաքաշինության երեւանյան ժամանակագրությունը. իր խնդիրը ուրբանիզացման ժամանակակից միտումների երեւանյան առանձնահատկություններն արտահայտելն է: Տեսանկյուն, որ փոքր-ինչ անճանաչելի է դարձնում մեր քաղաքը. գուցե մենք սովոր ենք քաղաքի գլխավոր այցեքարտեր համարվող տեսարժան վայրերի լուսանկարչությա՞նը:
Թակուջիի այս շարքը ուղղորդում է լուսանկարը կարդալ լավից եւ վատից, դրականից ու բացասականից անդին: Որպես ուսումնասիրության նյութ ընտրված Երեւանի ձեւափոխության թեման նրա համար կարեւոր է ինչպես հնի (լքված) էլեմենտներով, այնպես էլ նորի միջամտություններով: Որպես լքված էլեմենտ, Թակուջին հիմնականում համարում է ծառերի գոյությունն իր լուսանկարներում: «Աշխատում եմ այդ զրույցը բնությանը մարդու միջամտության հետ կապել: Այս հարաբերությունն է հիմնականում, որ ինձ ներշնչում է» , Թումանյան փողոցի (թիվ 40) «Ակումբում» իր լուսանկարչական շարքերի քննարկման ժամանակ ասաց նաՙ արտահայտելով նաեւ իր համաձայնությունը Լյուսիեն Հերվենի այն կարծիքին, թե «փլուզումն ու կառուցումը նույն արժեքն ունեն»:
2008-ին նա «Էկումեն» երեւանյան շարքի համար Փարիզում արժանացավ գեղարվեստական լուսանկարչության Լյուսիեն եւ Ռուդոլֆ Հերվեների գլխավոր մրցանակին: Ծագումով օսակացի Թակուջի Շիմուրան Փարիզում հաստատվեց 2001 թվականից: Սովորել է դեկորատիվ արվեստների ազգային դպրոցում: Այժմ նա աշխատում է ֆրանսիական ճարտարապետական մի կազմակերպությունումՙ որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Ճարտարապետական այն ոճը, որ այսօր զարգանում է Երեւանում, այնքան է հետաքրքրել նրան, որ որոշ ժամանակ ապրել է քաղաքի թաղամասերից մեկում ու մանրամասն ուսումնասիրել ոչ միայն զուտ կառուցապատման ձեւերը, այլեւ դրանցով ստեղծվող միրջավայրըՙ քաղաքային կյանքին բերած փոփոխություններով: Շիմուրայի լուսանկարչական սարքը քաղաքը «խուզարկում է» բարձունքն ի վեր, նրա նախասիրությունները տարածվում են լանդշաֆտների վրայով: Լուսանկարներից մեկում նույն հարթության վրա ընտրված երեք տարբեր շերտեր երեք տարբեր իրականություն են արտահայտում. «դրախտային մի անկյուն (իդիլիկ), ֆատալիստական պեյզաժ, որից այն կողմ ձգվող մարդկային «պեյզաժը» սովետական գետտոյի ներկայությունն է փաստում: «Փորձել եմ մոտենալ կովկասյան դրամատիկ պեյզաժինՙ աշխատելով ծավալային ռելիեֆների հետ» :
Այն տները, որ այսօր կառուցում են հայ նորահարուստները, տարբեր մեկնաբանությունների են արժանացել փարիզյան ցուցադրության ժամանակ: Դրանց մի մասիՙ միաձեւ, միանմանՙ շարված Մոնումենտի բարձունքին ճարտարապետական համասեռ լուծումները անկենդան շինարարական զանգված են հիշեցնում: Իսկ Հրազդանի կիրճի բարձունքին բազմած տները զարմանք են հարուցել. հարուստները, սովորաբար, իրենց առանձնատները կառուցում են դիմահայաց շարունակվող տարածությամբ եւ ոչ երբեքՙ սահմանային եզրագծովՙ ձորի պռնկին:
Շիմուրայի լուսանկարչական իրականության մեջ իմաստայինի հիմնական կրողը ծառն էՙ գեղարվեստական կերպավորմամբ: Որպես գործող իրականության մաս, ծառերը, սակայն, պատկերում երեւում են իբրեւ միջավայրից օտարացող կերպարներ: Եվ խնդիրը միայն նրանց առանձին լինելը չէ: «Հավերժության միակ խորհրդանիշն իմ լուսանկարներում ծառի ներկայությունն է» , ասում է Շիմուրան:
Մարդկային գործոնը լուսանկարներում հասցված է նվազագույնի, որն, անշուշտ, ունի բացատրությունՙ «Յուրաքանչյուր մարդու ներկայություն սոցիալական կոդի հաստատում է» : Մարդը ներկա է իր թողած հետքով_կառույցներ, ամենուրեք կառույցներ... Բարձունքին թառած տունը մեկնաբանվեց որպես բնության դեմ մարդու ագրեսիա. ուրբանիզացիան ոչ միայն բնության, այլեւ մարդկային հոգեբանության վրա է խոր հետքեր դրոշմել: Թակուջին ցավով խոստովանում է, որ Ճապոնիայում քաղաքների շուրջը այդպիսի (անաղարտ) բարձունքներ այլեւս չեն մնացել. դրանք ծածկված են մարդկային ներկայությամբ:
«Էկումեն» (Ecoumene) լուսանկարների շարքը Թակուջի Շիմուրան օրեր առաջ նվիրեց Երեւան քաղաքի պատմության թանգարանին. այժմ դրանք ներկայացված են թանգարանի ցուցասրահում: Այս առիթով տպագրվել է նաեւ կատալոգ, լուսանկարներն ուղեկցող տեքստում գեղանկարիչ, ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանը այսպես է բնութագրում լուսանկարչական այս շարքի յուրահատկությունը. «Երբ Թակուջի Շիմուրայի ֆոտոխցիկը հանդիպում է Երեւանի մերօրյա փոխակերպմանը, արվեստագետը քաղաքի անցյալի վկան չի հանդիսանում: Նա պարզապես զննում է մարդու կողմից այս կնճռոտ քարե լեռնակույտի յուրացման դրաման: Խուսափելով մարդկային ներկայությունից եւ ընկերային կյանքի առասպելը շոշափելուցՙ նա իր նպատակաուղղված հայացքը սեւեռում է Երեւանի երկրաբանական կտրտված ափսեինՙ քաղաքը դիտարկելով բնության հետ փոխկապակցվածության մեջ :
... Հարթային լուսանկարչական սկզբունքին ապավինած այս պատկերներով արվեստագետը նախեւառաջ մուտք է գործում դեպի Երեւանի ժամանակագրական իր առասպելը: Նրանում «փաստի» անվերապահ արձանագրումը գերիշխում է մարդկային դրամայի վրա» :
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ