Բեյրութի Հայկազյան համալսարանում օրերս տեղի է ունեցել Հաճընի հերոսամարտի 90-ամյակին նվիրված գիտաժողով: Ըստ «Արմենպրեսի»` գիտաժողովի բացման օրը բարի գալուստի խոսքով հանդես է եկել Հաճընի հայրենակցական միության ատենապետ Փոլ Յաղուբյանը : Հաճընի վերջին քաղաքապետի թոռը` Ժերար Շալյանը, անդրադարձել է Հաճընի պատմությանը եւ հերոսամարտին: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը կարեւորել է գիտաժողովը հայ ժողովրդի դժվարին եւ հերոսական պատմությունը վերհիշելու, վերաիմաստավորելու տեսանկյունից: Հայկազյան ցուցասրահում նաեւ ցուցադրվել են Հաճընի պատմական նկարները: Գիտաժողովի շրջանակներում անցկացվել են դասախոսություններ եւ քննարկումներ «Հաճընի 1915 թվականի բռնագաղթը», «Հաճընը եւ իր հեղափոխական ոգին» եւ այլ թեմաներով: Բեյրութի Հաճըն թաղամասում կազմակերպվել է ավանդական մատաղօրհնեք եւ տոնական համերգ: Միջոցառումներին մասնակցել են քաղաքական գործիչներ, պատմաբաններ եւ հյուրեր արտասահմանից:
Ի. Պ.