«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ԴՊՐՈՑԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ Է

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հոգեվերլուծաբան Ռուբեն Պողոսյանը երեկ անդրադարձան ինտերնետում տեղադրված այն տեսագրություններին, որտեղ հայ մանկավարժները բռնություն են կիրառում աշակերտների հանդեպ: Ինտերնետում երեխաները վերջերս են տեղադրել այդ տեսագրությունները: «Մանկավարժության մեջ ամենացայտուն բամաձեւը հետեւյալն է` ինչ տալիս ես, այն էլ հետ ես ստանում», «Դե ֆակտո» ակումբում նշեց Անահիտ Բախշյանը, որը նաեւ մանկավարժի տարիների փորձ ունի: Եթե մանկավարժն աշակերտին սեր ու ջերմություն է տալիս, նույնն էլ հետ է ստանում, եթե կիրառում է բռնություն, ապա մեծանում են քաղաքացիներ, որոնք հասարակության համար պատուհասներ են դառնում: Ըստ Անահիտ Բախշյանի` դպրոցում պետք է աշխատեն այնպիսի մանկավարժներ, որոնք առաջին հերթին գնահատում են երեխայի արժանապատվությունը. «Երեխաները շատ տարբեր են, մանկավարժի հմտությունը կայանում է նրանում, որ նա տիրապետի տարբեր գործիքների, որոնցով կկարողանա մոտենալ երեխայի հոգուն»: Անահիտ Բախշյանը կարծում է, որ խորհրդային տարիների եւ այսօրվա մանկավարժությունը շատ իրարամերժ են: Խորհրդային դպրոցում կենտրոնում դասն էր, որը կոնկրետ ձեւերով պետք է անցներ: «Որպես մանկավարժ ես ավելի արդյունավետ ձեւ եմ գտել` դասի կենտրոնում աշակերտն է, եւ սա շատ ավելի բարդ մանկավարժություն է», նշեց Անահիտ Բախշյանը: Վերջինս բացատրում է, որ կրթվելու կարիքը երեխայի համար ընդամենը 5-րդ տեղում է: Լրագրողների հարցին, իսկ ինչպե՞ս վարվի ուսուցիչը, երբ երեխաները նրան «հունից հանում են», չէ՞ որ այսօրվա երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Երեխաներին մի՛ մեղադրեք. սերունդը հասարակության հայելին է»: Որ աշակերտներն իրենք են նկարահանում եւ ինտերնետում տեղադրում տեսագրությունները, երեխաների այս քայլն Ա. Բախշյանն այսպես գնահատեց. «Սա նշանակում է, որ մեր հասարակությունն առողջանում է: Սրանք քաղաքացիական հասարակության ծիլերն են»:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը նույնպես կարեւորեց մանկավարժի դերը երեխաների կյանքում: Հոգեբանի խոսքով` իր լավագույն տարիները մարդն անցկացնում է դպրոցում. «Մարդու անձը դպրոցում է կերտվում»: Այստեղ շատ կարեւոր է մանկավարժի դերը, քանի որ մարդու անձը կերտվում է հենց ուսուցչի միջոցով: Դպրոցում մանկավարժի մեծագույն խնդիրը ոչ թե գիտելիք տալն է, այլ երեխաներին դաստիարակելը: «Մեր մանկավարժները շատ վատ են ճանաչում երեխաների տարիքային առանձնահատկությունները», նշեց հոգեբանը:

Ա. Բախշյանն էլ խոսեց դպրոցների տնօրենների մասին. «Տնօրենը չի դառնում մանկավարժների ավագ ընկերն ու խորհրդատուն եւ չի կազմակերպում կրթությունն օրենքին համապատասխան: Մենք ունենք բավականին լավ օրենքներ եւ կրթության զարգացման պետական ծրագիր»: Ա. Բախշյանը հավելեց, որ այսօր դպրոցների տնօրեններն այն մարդիկ են, որոնք ձեռնտու են այս կամ այն իշխանավորին: Ըստ կանոնադրության` տնօրենի առաջին պարտականությունն ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կազմակերպելն է: Այնուհետեւ Ռուբեն Պողոսյանն անդրադարձավ ուսուցիչների հեղինակության հարցին. «Ուսուցչի հեղինակությունը, ինչ-որ տեղ, մենք կորցրել ենք: Մեր հանրապետությունում մանկավարժի վարկանիշը բոլոր մասնագիտությունների մեջ վերջից 3-րդ տեղում է»:

  «Ազգի» հարցին, թե լավ մանկավարժներ պատրաստելու համար բանախոսներն ի՞նչ մեխանիզմներ են առաջարկում, հոգեբանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս: Մինչեւ բուհ ընդունվելն ապագա մանկավարժը պետք է միջանկյալ քննաշրջան` բուֆեր, անցնի»: Ռ. Պողոսյանը բացատրեց, որ բուֆերի մեջ մտնում են առանձին հարցազրույցը, թեստավորումն ու գրավոր աշխատանքը. «Այս մասին մենք առաջարկել ենք, սակայն եւ՛ սուբյեկտիվ, եւ՛ օբյեկտիվ պատճառներով ղեկավարությունը չի գնում դրան»: Մեխանիզմներ առաջարկելը բարդ է, սակայն մանկավարժներին կամ Մանկավարժական համալսարանը քննադատելը` շատ դյուրին: Մասնագետների առումով թերացումներ ունենք տարբեր բնագավառներում: Իրավաբանական ֆակուլտետ ավարտածը կամ բժշկական համալսարանի շրջանավարտը մի՞թե չի թերանում իր պարտականությունները կատարելիս: Հարցին` մանկավարժն իրականում մանկավարժ չէ, իսկ իրավաբանն այսօր իրավաբա՞ն է, Ա. Բախշյանը պատասխանեց. «Իսկ մեր պետությունը պետությո՞ւն է»: Ինչպիսին մեր հասարակությունն է, այնպիսին էլ կրթությունն ու մանկավարժն են: Մանկավարժին կամ աշակերտին մեղադրելու, առհասարակ, մեղավորներ փնտրելու փոխարեն, լավ կլինի մտածենք, որ կայուն հասարակության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4