Ըստ էության, «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի ներսում հնչող այն մտքին, թե Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության ուղով, համաձայն չէին ֆորումի պատերից դուրս` Մաշտոցի պողոտայի վրա հավաքված այն մարդիկ, որոնք «Լեւոն, նախագահ» էին գոռում` կրելով տարբեր գրություններով պաստառներ:
Հասկանալի է, որ սա եւս ժողովրդավարության դրսեւորում է, երբ Եվրոպայի խորհրդի մակարդակով անցկացվող նման միջոցառումը դրսում զուգորդվում էր նման հայտարարություններով եւ պիկետով: Սակայն այն մի քանի գռեհիկ «անհամաձայնները», որ հարձակվեցին ֆորումից դուրս եկած մի քանի լրագրողներիս վրա, ենթադրել են տալիս, որ «բետեէռ» կանանց ժամանակները դեռ չեն անցել:
Չեն անցել նաեւ գռեհիկ տհասների ժամանակները, երբ իրապես իրենց իրավունքները հարգված տեսնելու պահանջ ներկայացնող մարդկանց կողքին հայտնվում են դաստիարակության եւ մտավոր կարողությունների զարգացման ցածրագույն մակարդակ ունեցողներ, որոնք սեփական ապուշության արտահայտման այլ ձեւ չեն գտնում, քան կանգնել ինչ-որ պահանջներ ներկայացնողների կողքին, չգիտես որտեղից գտած սուլիչներով ու ամենայն լկտիությամբ արձագանքել մարդկանց, որոնք, նվազագույնը, նման վերաբերմունքի առիթ չեն տվել, եթե չասենք, որ որեւէ առնչություն չունեն:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչ կապ ունեն Եվրոպայի խորհրդի ֆորումն ու «Լեւոն, նախագահ» բարձրաձայնումները, դա, ի վերջո, ազատ արտահայտվելու մի դրսեւորում կարելի է համարել կամ երբեմն առկայծող այն շարժման, որ սկսվեց 2008-ի մարտի 1-ից հետո:
Ամեն դեպքում, նույն այդ պիկետավորները պետք է որ հստակ գիտակցեն, որ այնպիսի կանանց առկայությունն իրենց շարքերում, որոնք արհամարհանքից ավելին չեն ներշնչում, էլ չասեմ վիրավորանք ու զայրույթ, վարկաբեկում են այն ամենը, ինչի համար երեկվա պիկետի յուրաքանչյուր մասնակից հարկ էր համարել հասնել Մաշտոցի պողոտա ու հայտարարություն անել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ