«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԾԱԹԱԿԱԶՄ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂՆԵՐԻ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ցուցասրահում այս օրերին ցուցադրվում են վերջին շրջանում վերանորոգված 13-17-րդ դարերի արծաթյա կազմերով տասը Ավետարանները, որոնց վրա իրենց շնորհազարդ մատների դրոշմն են թողել գերմանացի պրոֆեսոր Ռոբերտ Շտեհլեն ու Մարգրիտ Յաշկեն, որոնք արդեն 10 տարի իրենց անձնական միջոցներով վերանորոգում են Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը` Գերմանիայից բերելով վերանորոգման համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` նաեւ արծաթ, ու բարեսիրությամբ կատարում են այդ սքանչելի աշխատանքը: Առ այսօր նրանք նորոգել են արծաթյա կազմերով հարյուր ձեռագիր, որոնց հիմնական մասը վերանորոգումից հետո դրվել է ցուցադրության` արժանանալով այցելուների հիացմունքին եւ երախտագիտությանը:

Պրոֆեսոր Ռոբերտ Շտեհլեն եւ Մարգրիտ Յաշկեն բարեկամացել են Հայաստանում, հոգեւոր թելերով ամուր կապվել են Մատենադարանին, հասկանալով, որ առանց նրան ծառայելու անկարող են շարունակել իրենց գործը: Երջանիկ դիպվածով պրոֆ Շտեհլեն առաջին անգամ Հայաստան եկավ այն խմբի հետ, որի ղեկավարը Մարգրիտ Յաշկեի ամուսինն էր: Նրանց հետ եղավ Մատենադարանում, ծանոթացավ վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի հետ, որի թույլտվությամբ առաջին անգամ ձեռքն առավ արծաթյա կազմով մի ձեռագիր եւ արտասվեց` միջնադարյան այդպիսի գանձեր պահպանող գիտական օջախում գտնվելու հուզմունքից:

«Այդ ձեռագիրը բավականին վնասված էր: Պրոֆ Շտեհլեն ասաց, որ իր կինը դարբին է եւ ինքը գեղարվեստական շատ գործեր է սովորել նրանից: Առաջարկեց իր օգնությունն ու մենք չկարողացանք մերժել, որովհետեւ այդպիսի ազնիվ դեմք ունեցող մարդուն ուղղակի հնարավոր չէր չվստահել: Կես տարի անց եկավ իր ծախսերով նորոգելու այդ կազմը` բերելով նաեւ արծաթ: Փորձնական վերանորոգումը հիմք դրեց տասը տարվա համագործակցության: Հիմա մեր արծաթյա կազմերը հրաշալի տեսք ունեն, իսկ նախկինում, իրոք, շատ վատ վիճակում էին», ասաց վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը:

Պրոֆեսոր Շտեհլեն կերպարվեստի արվեստաբան է, զբաղվում է արվեստի պատմությամբ եւ աշխարհագրությամբ, «Կերպարվեստի ուսուցման պրակտիկա» դասագրքի հեղինակն է, ունի գրաֆիկական աշխատանքներ, աշխատել է նաեւ մետաղի փորագրության ասպարեզում: Իսկ տիկին Յաշկեն մասնագիտությամբ կազմարար է, ունի իր սեփական արհեստանոցը, աշխատել է Վալդորֆյան դպրոցում` որպես կազմարարության ուսուցչուհի: Մատենադարանի հանդեպ ունեցել է զուտ մասնագիտական մեծ հետաքրքրություն, միշտ ցանկացել է իմանալ, թե ինչպե՞ս են պահպանվում հայ միջնադարյան ձեռագրերը:

«Միանգամից հասկացա, որ իմ օգնությունն ավելորդ չի լինի, եւ իմ ձեռք բերած գիտելիքները պետք է ներդնել այստեղ: Պրոֆեսոր Ռոբերտի հետ մեծագույն հաճույք եւ բավարարվածութուն ենք զգում այս աշխատանքից: Երբ նոր էի եկել Մատենադարան, այն ժամանակ գրքերի կազմարար էի: Այստեղ շատ բան տեսա, սովորեցի եւ որոշեցի ուսանել Շտուտգարտի համալսարանի ձեռագրերի վերանորոգման բաժնում: Հասուն տարիքում սովորեցի երկու տարի ու դիպլոմ ստացա», պատմեց տիկին Յաշկեն, որի օգնությամբ վերանորոգվում են նաեւ կազմերի կաշվե եւ կտորից պատրաստված փոկիկները:

Յաշկե ամուսինները 1997-ից Մատենադարանի վերանորոգման եւ պահպանության բաժնի հովանավորներն են, միասին քարոզչական գործունեություն են ծավալում Գերմանիայի տարբեր քաղաքներումՙ մարդկանց ծանոթացնելով հայկական մշակույթին ու հատկապես Մատենադարանի գանձերին:

Մարգրիտ Յաշկեի եւ պրոֆեսոր Շտեհլեի հետ երկարամյա շփումը ոգեւորիչ է ոչ միայն վերանորոգման բաժնի ղեկավարի եւ աշխատակիցների համար: Նրանց աշխատանքով հպարտանում եւ երախտիքի խոսքեր է ասում նաեւ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Արծաթյա կազմերն, իսկապես, արվեստի գլուխգործոցներ են, բայց գլուխգործոց են դառնում նաեւ այն դժվարին աշխատանքի շնորհիվ, որ կատարում են պրոֆեսոր Ռոբերտ Շտեհլեն ու Մարգրետ Յաշկեն, որոնք Մատենադարանի իսկական նվիրյալներ են: Նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն ամեն մի ձեռագրի ու կազմի նկատմամբ, նրանց կատարած մանրակրկիտ աշխատանքը վկայում է, որ իրենց համար ամեն մի ձեռագիրը սրբություն է: Նրանց պես մարդիկ հայտնություն են մեզ համար, քանի որ նրանց կատարած գործն իսկական դպրոց է մեր երիտասարդ մասնագետների համար, որոնք հնարավորություն ունեն ամիսներ շարունակ դիտարկելու եւ ուսանելու այդ իսկական արվեստի բոլոր նրբությունները: Ուրախությամբ պիտի ասեմ, որ այդ աշխատանքները շուտով կամփոփվեն Մատենադարանի արծաթյա կազմերի ուսումնասիրություն-ալբոմում:

Մեկ տարի հետո կտեղափոխվենք նոր մասնաշենք, ուր վերականգնման բաժնի տարածքները կբազմապատկվեն, կգան նոր մասնագետներ, որոնց համար մեր գերմանացի բարեկամների դպրոցը չափազանց ուսանելի կլինի: Բացի իրենց վարպետությունից եւ գիտական մեթոդաբանությունից, նրանք իրենց մարդկային նկարագրով վարակիչ օրինակ են երիտասարդների համար: Մենք վայելում ենք նրանց ընկերությունն ու ցանկանում ենք, որ այն տեւի տասնյակ տարիներ», Ռոբերտ Շտեհլեի եւ Մարգրետ Յաշկեի ներկայությամբ բացված արծաթակազմ տասը ձեռագրերի ցուցադրության բացման ժամանակ ասաց Հրաչյա Թամրազյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նկար 1. Աջից ձախՙ Գայանե Էլիազյան,

Նկար 2. Մարգրիտ Յաշկե, Ռոբերտ Շտեհլե


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4