«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2010-10-19 | #191, 2010-10-20 | #192, 2010-10-21


ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը, սփյուռքի նախարարը, Ամենայն հայոց հայրապետի ներկայացուցիչը, հայաստանյան բոլոր ստեղծագործական միությունները, մի շարք վաստակավոր գործիչներ եւ այլք. նրանք բոլորը երեկ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էին, որտեղ Ռուսաստանի հայերի միությունը տոնում էր իր տասնամյակը:

Իր ելույթում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրեց Միության ստեղծման պատմությունը, նպատակները, իրականացրած եւ ծրագրված նախաձեռնությունները. «Այսօր մենք մեծ կշիռ ունենք թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում. ռուսաստանյան տարբեր կուսակցություններ` ՌԴ-ում ընտրություններից առաջ, կարեւորելով մեր դիրքորոշումը, հանդիպումներ են կազմակերպում մեր տեղական եւ կենտրոնական մարմինների ղեկավարների հետ, իսկ ռուսաստանաբնակ հայերը ամեն հարցով դիմում են մեր մարմիններին», նշեց Աբրահամյանը:

ՌՀՄ-ին իր եւ հանրապետության նախագահի անունից շնորհավորեց վարչապետ Տիգրան Սարգսյանը ` կրկին կարեւորելով Միության դերը Ռուսաստանի հայերի կյանքում, Ռուսաստան-Հայաստան գործակցությունում եւ այլն: Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հրապարակեց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը . «Դուք բարեկամության կամուրջ եք ձգել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ», ասված էր կաթողիկոսի ուղերձում: ՌՀՄ-ին շնորհավորեցին ստեղծագործական միությունների նախագահները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:

Միջոցառման համերգային մասում իրենց երաժշտական շնորհավորանքները արտահայտեցին օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը` մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Հայաստանի պարի պետական ասամբլը, Ալթունյանի անվան երգի-պարի համույթը, տարբեր ստեղծագործական համույթներ, անհատ կատարողներ:

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում երեկ Ռուսաստան-Հայաստան բարեկամության տոնն էր:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4