«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2010-10-19 | #191, 2010-10-20 | #192, 2010-10-21


ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

2011 թվականի փետրվարի 20-26-ը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից եկած գիտնականները դասախոսություններ են կարդալու: Դասախոսությունները վերաբերելու են գենետիկական անկայունություններին` մուտացիաներին: Դասախոսությունների շարքի կազմակերպիչներն են Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիան, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը եւ ԵՊՀ-ն: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» անդամ Հովակիմ Զաքարյանը նշեց, որ դասախոսությունների թեման ներկայումս շատ կարեւոր է. «Գենային անկայունությունը քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է»: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը երեկ «Արմատ» ակումբում տեղեկացրեց, որ նմանատիպ դասախոսություններ Եվրոպայի տարբեր երկրներում ամեն տարի են կազմակերպվում: «Օրինակ` Հունաստանում այսպիսի միջոցառում տարեկան նույնիսկ մի քանի անգամ է կազմակերպվում», հավելեց Հովակիմ Զաքարյանը: Դասախոսություններ կարդալու համար Հայաստան են գալու հանրահայտ գիտնականներ Իտալիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից: Նրանց մեջ նաեւ հայազգի գիտնականներ են լինելու, նրանք հայտնի են աշխարհում, բայց, ցավոք, չեն ապրում Հայաստանում: Բացի արտասահմանից եկած գիտնականներիցՙ դասախոսություններին մասնակցություն կունենան նաեւ Հայաստանում ապրող դասախոսները: Հովակիմ Զաքարյանը տեղեկեկացրեց, որ երիտասարդ մասնակիցները գիտնականների հետ առանձին քննարկումների եւ զրույցների հնարավորություն նույնպես կունենան: Բացի հայաստանցի երիտասարդներիցՙ դասախոսությունների շարքին մասնակցելու են նաեւ արտասահմանցիներ, որոնք մասնակցության համար գումար են վճարելու, իսկ Հայաստանի երիտասարդներին այս հնարավորությունն ընձեռնվում է անվճար:

Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: «Գրանցման առումով ավելի ակտիվ են արտերկրում, քան Հայաստանում», ասաց Ա. Գասպարյանը: Նմանատիպ միջոցառում Հայաստանում մեկ անգամ է կազմակերպվել: Դասախոսությունների տեւողությունը լինելու է 40 րոպե, 15 րոպե էլ հատկացվելու է քննարկումներին, որոնք վերաբերելու են մոլեկուլային կենսաբանությանը, գենետիկային եւ այլ հարցերի: Միջոցառման հովանավորը Երեւանի կոնյակի գործարանն է, ինֆորմացիոն գործընկերներն են «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, «Հետք» օնլայն թերթն ու Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիրը: Ասուլիսի ընթացքում Արսեն Գասպարյանը նաեւ դժգոհեց, որ զանգվածային լրատվամիջոցներն այսօր քիչ են քննարկում գիտության հարցերը:

  «Ազգի» հարցինՙ երիտասարդ բանախոսներն ինչքանո՞վ են տեսնում իրենց գիտության ոլորտում, երբ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում գիտությունը «ոչ երանելի» վիճակում է, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց. «Հիմա ես աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայում եւ ստանում եմ 28 հազար դրամ աշխատավարձ: Երիտասարդ գիտնականի գիտական պրոդուկտը կառավարությունը գնահատում է 28 հազար դրամ: Ես, սակայն, չեմ կարծում, որ կառավարությունը մեր գիտությանը քիչ գումար է հատկացնում: Հատկացված գումարին համապատասխան գիտական ելք չկա»: Ա. Գասպարյանն էլ հավելեց, որ «գիտական պրոդուկտը» շուկայում եւ արտադրությունում հազվադեպ է ներդրվում:

  «Ազգի» մյուս հարցինՙ արդյոք երիտասարդները համամի՞տ են այն կարծիքին, որ «Մեր գիտությունը բավականին ծերացել է», Ա. Գասպարյանը պատասխանեց, որ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» պատրաստվում է առաջարկներ ներկայացնել Հանրային խորհրդին. «Առաջարկելու ենք ամեն տեղ պարտադիր դարձնել մինչեւ 35 տարեկան գիտաշխատողների տոկոսային շեմը, այսինքն` աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 30 տոկոսը կազմեն մինչեւ 35 տարեկան գիտաշխատողները»: Ա. Գասպարյանի փոխանցմամբ` ակադեմիայի տարբեր ինստիտուտներում կա այդ «ծերացման» գործընթացը:

Հովակիմ Զաքարյանն էլ հավելեց. «Ոչ ոք չի ասում, իսկ ո՞րն է գիտության «ծերանալու» իրական պատճառը: Իրական պատճառն այն է, որ երիտասարդ, լավագույն կադրերը տեսնում են, որ իրենց գիտական աշխատանքը արտասահմանում 20 անգամ ավելի բարձր արժեք ունի, քան Հայաստանում: Արդեն պարզ է, որ նրանք ամեն առիթ կօգտագործեն արտասահման մեկնելու համար:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահը նաեւ խոսեց իրենց կազմակերպության մասին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» ստեղծվել է 2009 թվականի փետրվարին, արդեն շուրջ 110 անդամներ ունի: Կազմակերպության մեջ ընդգրկված են երիտասարդ գիտնականներ եւ ուսանողներ: «Մեր հիմնական նպատակներից է Հայաստանում նպաստել կենսաբանության եւ կենսագիտության զարգացմանը», ավելացրեց Արսեն Գասպարյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4