«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2010-10-19 | #191, 2010-10-20 | #192, 2010-10-21


ՀԻՆԳ ՄԱՉՈՆԵՐՆ ԱՐԱՐԱՏԻՑ

«Հզոր զգացմունքները». հայաստանցի պարողները մտադիր են նվաճել Արեւմուտքը

1970 թվականին Լենինգրադում Ալեքսանդր Պուշկինիՙ տղամարդ դասական պարողներ ուսուցանող Պապի մահից ի վեր նրա բազկաթոռն ու ամբիոնը դատարկ էին մնացել, քանի որ աշխարհում ոչ մի տեղ չկար նրա լեգենդար հեղինակությունն ունեցող մեկը, որ կշարունակեր նրա գործը: Կային մի քանի կարդինալներՙ Նիկոլայ Տարասովը Մոսկվայում, Սթենլի Վիլյամսն ԱՄՆ-ում, Պետր Պեստովը Մոսկվայում եւ հիմա Շթութգարդում, սակայն նրանցից ոչ մեկը պապական լուսապսակ չուներ անթերի ճաղատ գլխին: Փոխարենը «որտեղից որ ռուս տղամարդ պարողներն են գալիս» հասկացությունը տեղափոխվեց Երեւանՙ Հայաստանի մայրաքաղաք, հայտնի իր ռադիոկայանով եւ նախկին ԽՍՀՄ-ի վերաբերյալ իր երգիծական մեկնաբանություններով: Այնտեղ չկա մի առանձին ուսուցիչ, որին պարտական լինենք քաղաքի նոր ձեռք բերված հեղինակության համար, սակայն Հայաստանի պարարվեստի ուսումնարանն է, որը դարձել է հիրավի անտակ մի աղբյուր, որն աշխարհի բալետային խմբերին ապահովում է փայլուն ուսուցված երիտասարդ տղաներ (քանի որ ես չեմ հանդիպել երեւանյան որակի կնիք ունեցող որեւէ բալետի պարուհու):

Եվրոպայում ամենից կարեւորը կարծես Շվեյցարիայի «Ցյուրիխ բալետն» է, որի գլխավոր մենակատարներից չորսը հայ են, իսկ հինգերորդն արդեն Ցյուրիխի երիտասարդական բալետի անդամ է: Նրանց գործընկերների մեջ կան գլխավոր մենակատարներ եւ մենապարողներ Բեռլինում, Մյունխենում, Համբուրգում եւ Շթութգարդում, եւ բոլորն էլ մաչո տիպի ահավոր վիրտուոզներ են. նրանց մեջ «ղզիկներ» չկան: Ի դեպ, Դավիթ Կարապետյանը Սան Ֆրանցիսկոյից, մեկ այլ երեւանցի (այս բառը բնագրով հենց այսպես էրՙ Yerevantci ծան. թարգմ.) աշխարհ է մուտք գործել նույնպես Ցյուրիխի ճանապարհով, որի բալետային ղեկավար Հայնց Շփյոռլին գովեստով է արտահայտվում «իր երեւանցի տղաների» մասին:

Նրանք, թվում է, ոչ միայն գործընկերներ են, այլեւ մտերիմ ընկերներ, մի մակարդակի, որը սովորական չէ եվրոպացի պարողների շրջանում, քանի որ նրանց միավորում է հատուկ հայկական որակը, եւ ոչ միայն այն պատճառով, որ նրանք բոլորն էլ ուսուցանվել են միեւնույն ծրագրով, այլ որովհետեւ նրանք միեւնույն զգացմունքներն ունեն տան հանդեպ (ներառյալ կարոտը): Իրականում նրանք խորապես հպարտ ենՙ լինելով հայ, ոչ թե ռուս, եւ դա հաստատապես առնչվում է նրանց հավաքական գիտակցությանըՙ կապված իրենց ժողովրդի տառապանքների հետ երիտասարդ թուրքերի օրոք, որոնք մեկուկես միլիոն հայրենակիցների սպանեցին 1915-1916 թվականներին:

Երկու ամառ առաջ պարողներից հինգը տանըՙ Երեւանում համախմբվեցին «Գեղագիտական ռազմիկները» ներկայացմամբՙ ստուգելու իրենց ունակությունները: Այն մեծ հաջողություն ունեցավ, ուստիեւ տղաները համարձակվեցին հայտարարել իրենց դեբյուտն Արեւմուտքումՙ «Հզոր զգացմունքներ. ժամանակային ուղեւորություն դասական եւ մոդեռն պարի միջով» վերնագրով Մյունխենի ֆիլհարմոնիայում, Տիգրան Միքայելյանի եւ ընկերների կողմից: Քանի որ Միքայելյանը Բավարական պետական բալետի մեծապես սիրված գլխավոր մենակատարն է, հասարակության հետաքրքրությունը երաշխավորված էր: Եվ հասարակությունն իսկապես հիասթափված չէր:

Երկու մասից կազմված երեկոն սկսվեց բոլոր հինգ պարողների մասնակցությամբ համարով, որը մի փոքր ներշնչված էր Բալանչինի «Սերենադից»ՙ ցուցադրելու համար իրենց դասական կրթությունը: Եթե սա ապացուցեց ավելի շատ իրականություն, քան մթնոլորտի ջերմացում, երեք դասական պա-դե-դեն «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը» եւ «Դոն Կիխոտ» բալետներիցՙ մասնակցությամբ Արման Գրիգորյանի (եւ Գալինա Միխայլովայի, երկուսն էլ Ցյուրիխից), Վահե Մարտիրոսյանի եւ Վիկտորինա Կապիտոնովայի (նույնպես Ցյուրիխից), Տիգրան Միքայելյանի եւ Դարյա Սուխոռուկովայի (երկուսն էլ Մյունխենից) ներկայացան որպես ստանդարտ համարներՙ ցույց տալու իրենց բարձր հղկված դասական արհեստը, որոնցում տղամարդիկ նավարկում են օդի մեջ ինչպես բռնկված հրթիռներ, եթե չեն ներկայացնում գլխապտույտ պիրուետներ, իսկ Սուխորուկովան իր արաբեսկները կատարում է այնպիսի անխոնջությամբ, կարծես կեցվածք է ընդունում քանդակագործի համար: Եթե նրանցից մեկի վայրէջքը մի փոքր շեղվում է, այն լրջորեն չի վնասում շատ դրական տպավորությանը: Այդ «ցուցանմուշները» կապված են երկու մրցող պարողներիՙ Արսեն Մեհրաբյանի եւ Արթուր Բաբաջանյանի (երկուսն էլ Ցյուրիխից) ինտերմեցցոյով, որոնք հստակորեն երազում են այն օրվա մասին, երբ նրանց կթույլատրեն հանդես գալ այդ գլխավոր դերերում: Երկուսն էլ հաճելի եւ գեղեցիկ, ուռուցիկ մկաններովՙ մարզված ինչ-որ հայ Շվարցենեգերի կողմից, սակայն ոչ մի հատուկ բան:

Տարբեր էր երկրորդ մասը, որ հրամցրեց որոշ պատշաճ խորեգրաֆիական նյութ եւ անսովոր գեղեցկություն, էլ չասած նրանց զգացական հմայքի մասին: Դրանց մեջ էր էլեկտրականապես լիցքավորված պա-դե-դեն Շփյոռլիի սպորտային «Գոլդբերգի վարիացիաներից» (Մարտիրոսյանի եւ Սարա Ջեյն Բրոդբեքի կատարմամբ) եւ մեծապես ամբողջական «Բավակա՛ն է» պա-դե-տրուան Շփյոռլիի «Մագնիֆիկատից» («երկխոսություն երեքի համար», որ հրաշալի ներկայացրին Գրիգորյանը, Մարտիրոսյանը եւ Կապիտոնովան): Էկրանին ցուցադրելով քաղաքի անցյալի որոշ ճարտարապետական ավերակներ եւ Երեւանը շրջապատող մի քանի բնապատկերներՙ կախարդական Արարատ լեռան ստվերում, տղաները համարձակորեն ներկայացրին իրենց ազգության աշխարհագրությունըՙ այդպիսով շեշտելով իրենց էթնիկ ծագումն առանց որեւէ ազգագրական մոտիվների: «Արշիլ Գորկու հիշողությունները» համարում, որտեղ նրանք հավաքականորեն կիսել են խորեոգրաֆիան, եւ «Ծիրանի ծառ. անցյալի հուշեր» համարում, ներշնչված մի հայկական կինոնկարից, խորապես տեղեկանում ենք այն անբուժելի վերքերի մասին, որոնցից նրանց ժողովուրդը տառապել է մոտ հարյուր տարի առաջ: Երեկոյի վերջում նրանք ցուցադրեցին մի ավելի լավատեսական կտոր, որը թերեւս նաեւ որպես մեծարումն էր Մյունխենի «տեղական աստված» Կառլ Օրֆիՙ վերջինիս «Կարմինա Բուրանայով»: Այդուհանդերձ, ես կցանկանայի, որ նրանք ավարտեին իրենց «բերանի ջուրը վազեցնող» (կամ ավելի շուտ պետք է ասելՙ «ոտքերը խտղտացնող») ծրագիրըՙ ինչ-որ բան հրամցնելով իրենց երկրից: Պատկերացրե՛ք Արարատի այս հինգ մաչոները հանդիսասրահին նետեին իրենց պարային «խանձողները»ՙ համեմված Խաչատրյանի «Սրերով պարի» դինամիտային ուժով:

ՀՈՐՍԹ ՔՈԵԳԼԵՐ, www.tanznetz.de, Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4