«2010-ի նոյեմբերի 1-ից ՀՀ այն քաղաքացիները, որոնք 2008-ի նոյեմբերի 1-ից ի վեր ստացել են առնվազն մեկ C կարգի արտոնագիր, կարող են այլեւս չներկայացնել նախկինում պահանջվող որոշ փաստաթղթեր (ծննդյան վկայական, երեխաների ծննդյան վկայական, ամուսնության վկայական եւ այլն)», երեկ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը` հավելելով, որ նշված փաստաթղթերը, սակայն, պարտադիր կլինեն առաջին անգամ դեսպանատուն դիմողների համար:
Ներկայացնելով դեսպանատուն դիմելու ընթացակարգի այլ փոփոխությունները` հյուպատոսը նշեց, որ նոյեմբերի 15-ից հնարավոր կլինի գործերը հյուպատոսական ծառայությանը ներկայացնելու համար հանդիպում նշանակել նաեւ համացանցի միջոցով:
Ինչ վերաբերում է բուժման նպատակով Ֆրանսիա մեկնողների արտոնագիր տրամադրելուն, ապա Գրապենը նշեց. «Այսուհետեւ այդ նպատակով Ֆրանսիա մեկնել ցանկացողներից կպահանջվի նախապես վճարել բժշկական ծախսերի համար: Այս փոփոխությունը կատարվել է այն պատճառով, որ Հայաստանից Ֆրանսիա բուժման նպատակով մեկնել են մի շարք անբարեխիղճ քաղաքացիներ, որոնց չարաշահումներից կուտակված ընդհանուր պարտքը կազմում է 17 հազար եվրո»: Գրապենը տեղեկացրեց նաեւ, որ Ֆրանսիայի հյուպատոսարանն այլեւս չի ընդունելու ռուսերեն լեզվով փաստաթղթեր. դրանք պետք է լինեն կամ ֆրանսերեն, կամ հայերեն` ֆրանսերեն թարգմանությամբ, կամ էլ անգլերեն:
Հ. Ա.