«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2010-10-20 | #192, 2010-10-21 | #193, 2010-10-22


«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Մերոնց անհետեւողականությունը զարմացնող աստիճանի է: Ընդամենը երկու շաբաթ հետո այն լսումներից, երբ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, թե օտարալեզու դպրոցների (դրանք պաշտոնապես անվանվում են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրեր իրականացնող) խնդիրը լուծվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, եւ «Լեզվի մասին» օրենքը դուրս է գալու փաթեթից, հոկտեմբերի 20-ին տեղի է ունենում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ինչ-որ մի ֆոկուսով հայտնվում է «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը («Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների հետ միատեղ) եւ անգամ հավանության արժանանում (դեմ են քվեարկել միայն «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանն ու ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը): Ազգային ժողովի կայքէջի` հանձնաժողովի նիստի մասին լրատվության մեջ նշված է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբՙ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը: Աշոտյանի տեղեկացմամբ` «Լեզվի մասին» օրենքից հանվել են բովանդակային փոփոխություններ նախատեսող դրույթները եւ միայն այնտեղ ներդրվել է «Հանրակրթության մասին» օրենքով այդպիսի (այլընտրանքային եւ այլն-Մ.Խ.) կրթական ծրագրերը սահմանող դրույթ: Մի խոսքով` այս դպրոցների ստեղծման համար հարկավոր օրենսդրական հենքի ոչ միայն բովանդակությունն է (11 ոչ պետական հաստատություն, երկուսըՙ Դիլիջանում եւ Ջերմուկում, 9` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրով) իր տեղում եւ շուտով երեւի երկրորդ ընթերցմամբ կյանքի ուղեգիր կստանա, այլեւ, այնումենայնիվ, մեր օրենսդիրները չեն խուսափելու արդեն հոգեբանական նշանակություն ձեռք բերած «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունից` հարմարեցնելով այն այս դպրոցների ստեղծման համար փոփոխություններին: Ասել է թե` կառավարության այս նախաձեռնությունը առաջիկա քառօրյայում էլի աղմուկ հանած օրինագծերի հիթը կարող է դառնալ` հասարակական ռեզոնանսի պատճառով: Մերոնք պիտի «ֆայմեին», եւ դա տեսանելի էր օտարալեզու դպրոցների բացման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերջին խորհրդարանական լսումների ժամանակ` դրանք վերածվեցին միտինգի, որ, այնուամենայնիվ, «Լեզվի մասին» օրենքը փոխելու եւ օտար լեզվով դպրոց բացելու կառավարության` այդպես էլ իրական շարժառիթը չբացահայտած մղումը դեռ չի սպառել հասարակությանը նյարդայնացնող ռեսուրսը: Եվ եթե անգամ նախաձեռնողները հավատում են իրենց արած քայլի դրական ասպեկտին (է՛լ կրթության որակի բարձրացում, է՛լ եսիմ ինչ արգումենտներ) եւ չեն վախենում նախաձեռնությանը հակադրվող շերտերի ոչ թե իրավական, այլ զուտ էմոցիոնալ դիմակայությունից, գոնե պետք է վախենային տարբեր պատճառներով նյարդային բացասական լիցքեր կուտակած հասարակության տարբեր զանգվածներին` այս օրինագծի դեմ պայքարելու շուրջը ինքնակազմակերպվելու առիթ տալուց: Բայց մերոնք թքած ունեն հասարակական կարծիքի վրա: Նրանք չեն պատկերացնում, որ հասարակությունը չի ըմբռնելու «Լեզվի մասին» օրենքի` փոքր փոփոխությամբ խնդրին իբր իրավական գրագետ լուծում տալու բացատրությանը, կամ` օրենքի ընդդիմախոսների բարձրացրած աղմուկին ի պատասխան` օրենքի ընդդիմախոսներին «կարծրատիպերով առաջնորդվողներ» անվանելը դեռ համոզիչ արգումենտ չէ: Իսկ տարբեր պատճառներով կուտակված դժգոհության ու մաղձի ալիքն ուղղորդվելու է այսպիսով, հերթական այս առիթով դեպի իշխանություն: Ասել է թե` կարճատեւ նպատակահարմարությունների հետեւում մերոնք չեն տեսնում հեռահար մի խնդիր` հասարակությանը նոր լարումների առիթներ չստեղծելու պարագան:

Այս բոլորով հանդերձ` չի կարելի վստահ լինել, որ չեն լինի փաթեթի, եւ հատկապես «Լեզվի մասին» օրենքի` «իրավական խնդիր լուծող» այդ մի դրույթի երկրորդ ընթերցումը վիճարկող պատգամավորներ, քանի որ կան այնպիսիք, որոնց կարծիքով առաջարկները բովանդակային են, դրանք առաջին ընթերցում պիտի դեռ անցնեն, թեեւ Արմեն Աշոտյանը պնդում էր, որ դրա հարկը չկա` փոփոխությունները խմբագրական են:

Մի անգամ գրել ենք` երեւի ինչ-որ մարդկանց դուր է գալիս, որ Ազգային ժողովի դռների մոտ միշտ բողոքի ցույցեր լինեն: Այս դեպքում` եկող քառօրյայի ընթացքում վերը նշված փոփոխությունների առիթով են դրանք կրկին լինելու: Չի բացառվում, որ առաջիկայում բողոքողների շարքերը ընդլայնվեն` ընտրական օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքողներին ներառելու հաշվին: Կամ գուցե` այս բողոքները շատ ավելի կարեւոր խնդիրների վրա սեւեռվելուց մարդկանց ուշադրությունը շեղելու միջոցներից են:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4