Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) երեկ իր նիստում հրապարակել է այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթներին: Նախատեսված 18 մրցույթից ընդամենը 2-ում են ներկայացվել մեկից ավելի հայտեր: Մասնավորապես 11-րդ մրցույթում միմյանց հետ կմրցեն «Ա1+»-ն ու «Արմնյուզը»: Փաթեթները կբացվեն հոկտեմբերի 28-ին: Երկու հայտ է ներկայացվել նաեւ մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար, որտեղ միմյանց դեմ դուրս կգան «ԱԼՄ»-ն ու «Երեւան»-ը: Այսպիսովՙ «ԱԼՄ»-ն կամավոր հրաժարվում է հանրապետական սփռումից: Հանրապետական սփռումից հրաժարվել է նաեւ «Ար»-ը, որը հայտ է ներկայացրել միայն թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար:
Հ. Ա.