Երեւանյան գրախանութներում վերջերս վաճառվում էր մի հանրագիտարան, որն ուղղակի ապատեղեկատվություն էր տարածում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: «Ազգը» դրան անդրադարձել է ժամանակին: «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանը հրատարակել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ Kingfisher Publications Pic-ը: ՌԴ ռեզիդենտ «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ն հանրագիտարանը վերահրատարակել է ռուսերեն : Հանրագիտարանում զետեղված «տեղեկությունները» ոչ ճիշտ պատկերացումներ են տալիս ընթերցողին: Հանրագիտարանի 236-րդ էջում գրված է, որ Հայաստանում բացի հայերենից հիմնական լեզու է նաեւ ադրբեջաներենը, հիմնական կրոններն են ուղղափառությունն ու իսլամը: Գրված է նաեւ, որ 1988-89 թվականներին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տեղի է ունեցել ռազմական ընդհարում: Նշված բոլոր «տվյալները» հեռու են իրականությունից:
Լրագրող Անի Գասպարյանը երեկ «Արմատ» ակումբում պատմեց, որ հիշյալ հանրագիտարանն առաջին անգամ գրախանութում տեսել է սեպտեմբերի 24-ին: Լրագրողի խոսքով` գրախանութներում եւ վաճառակետերում հանրագիտարանից այլեւս չի տեսնում, սակայն նա կոչ է անում. «Եթե որեւէ մեկը վաճառքում կտեսնի այդ հանրագիտարանը, անպայման թո՛ղ դիմի մեզ` «Անկախ» շաբաթաթերթին»:
Ասուլիսին ներկա էր նաեւ «Անկախ» շաբաթաթերթի եւ ankakh.com կայքի խմբագիր Վարդուհի Իշխանյանը : Նա տեղեկացրեց, որ «Անկախ» շաբաթաթերթը դիմել է ռուսական, բրիտանական հրատարակչություններին եւ նամակներ է ուղարկել տարբեր կազմակերպությունների հանրագիտարանում նշված տվյալները հերքելու համար: Թերթը նամակներով դիմել է ՌԴ ռեզիդենտ «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ին, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ Kingfisher Publications Pic-ին, նամակի կրկնօրինակներից ուղարկել է Հայաստանի արդարադատության նախարարություն, Ռուսաստանում եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպաններին եւ Մեծ Բրիտանիայում գործող Հայկական մշակութային կենտրոնին: Նամակներում նաեւ նշված են պատճառներն ու բացատրությունները, թե ինչու է անհրաժեշտ հերքել հանրագիտարանում զետեղված տվյալները: Օրինակ` նշված է, որ ռազմական ընդհարում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Արցախի (հայերի) միջեւ, ոչ թեՙ Հայաստանի եւ Ադրբեջանի:
Վերջում Վ. Իշխանյանը նշեց. «Հիմա սպասում ենք նամակների պատասխաններին: Կուզենայի, որ այս հարցում հասարակությունն աջակցեր մեզ»:
Ի. Պ.