«Մենք պետք է դադարեցնենք սպառնալիքներ տեղալ, մենք պետք է երկխոսություն սկսենք ԼՂ դե ֆակտո ղեկավարության, այնտեղի կուսակցությունների ներկայացուցիչների ու առհասարակ ազգաբնակչության հետ: Մենք պետք է էթնիկ ատելության քարոզչությունը փոխարինենք Ղարաբաղի ժողովրդին համոզելով, որ Ադրբեջանում ապրելը անվտանգ է եւ բխում է նրա տնտեսական շահերից», այս կարծիքի հեղինակը ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն է: Քաղաքագետը ադրբեջանական կայքին տված հարցազրույցում եւս մեկ անգամ շեշտել է, որ հարցի ռազմական ճանապարհով լուծումը միայն էլ ավելի վնաս կհասցնի կողմերին. «Ես կարծում եմ, որ մինչեւ Մոսկվայից կամ Արեւմուտքից համապատասխան հրահանգ չհնչի, ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն պատերազմ չեն սկսի», ասել է Ալիզադեն` հավելելով, որ հակամարտության չլուծված լինելու հանգամանը ձեռնտու է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը, որոնք «հրաշալի առիթ են ստացել անընդհատ Ղարաբաղ շահարկելով, քաղաքական միավորներ ստանալ ժողովրդից»:
Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը` ադրբեջանցի քաղաքագետը նախ ընդգծել է, որ երեք երկրներն էլ «Հայաստանին օգնում են, այդ թվումՙ ֆինանսա-տնտեսական առումով», ապա նաեւ, շեշտելով, որ Հայաստանը եռանախագահներից մեկի` Ռուսաստանի ռազմաքաղաքական միակ հենասյունն է Կովկասում, ասել է. «Եթե հանկարծ Երեւանը Մոսկվայի կամքին հակառակ քայլ թույլ տա իրեն, այդ թվումՙ Ղարաբաղի հարցում, ապա Ռուսաստանն անմիջապես կփոխի «հրամանատարին», այսինքնՙ ՀՀ նախագահին, ինչպես դա եղավ 1998-ին»: Ալիզադեն իր այս մտքերը հիմնավորել է, որ «1998-ին նախագահ Տեր-Պետրոսյանը ավելի իրատեսական մոտեցումներ ուներ Ղարաբաղի հաշվով, որը, սակայն, Մոսկվայի սրտով չէր»:
Մի կողմ թողնելով Ալիզադեի «հրամանատար-ՀՀ նախագահ» նույնականությունները, կենտրոնանանք քաղաքագետի ասածի մեկ այլ մասի վրա. փաստորեն Ռուսաստանը, ըստ Ալիզադեի, նույնպես կողմնակից է Ղարաբաղի ներկա կարգավիճակին, չէ՞ որ հակառակ պարագայում Երեւանը իր հայտնի դիրքորոշմամբ դեմ կգնար Մոսկվային, ինչը, Ալիզադեի խոսքերով, «անհնար է պատկերացնել»: Ադրբեջանցի քաղաքագետը նաեւ «մաֆիոզ եւ ուժային կառույցների վրա հիմնված` ահաբեկիչ ղեկավարություն է համարել ՀՀ ներկայիս իշխանություններին, անհնար է համարել ՀՀ-ում իշխանափոխությունը եւ այլն: Այդ ամենին անդրադառնալն իմաստ չունի, քանի որ Ադրբեջանի «անբասիր» ու «գույքառատ» իշխանությունների մասին խոսելու համար կարիք կունենանք դիմելու միջազգային մամուլին, որտեղ թեմայով հրապարակումներ բազմաթիվ են, պարզապես նշենք, որ Ալիզադեն արդյունավետ եւ իրատեսական չի համարել Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխումը` այնտեղ կոնկրետ Թուրքիային ընդգրկելով. «Դա անհնար է, քանի որ նոր համանախագահին հաստատելու համար անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունն անխտիր, իսկ Երեւանը երբեք չի համաձայնի Անկարային տեսնել համանախագահ», նշել է Ալիզադեն:
Հ. Ա.