Բացվեց խորհրդարանի նոր դահլիճը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճիշտն ասած` շատ ուրախ ենք մեր պատգամավորների համար, նրանք երեկ ստացան շքեղ, համակարգիչներով հագեցած, բոլոր հարմարություններով օժտված օվալաձեւ դահլիճ: Այստեղ աշխատելը պետք է որ հաճելի ու հարմար լինի, անխափան ընթացք ապահովի մեր ազգընտիրների օրենսդրական գործունեության հրապարակային մասի համար. շնորհավորում ենք: Պատգամավորների այն հատվածը, որ մինչեւ հիմա համակարգչից օգտվել չգիտեր (կա՛ն այդպիսիք), ստիպված է սովորել, թե չէ համակարգիչները նրանց համար բուտաֆորիայի կվերածվեն: Հարմարության առումով նույնը չի կարելի ասել լրագրողների համար, ովքեր այսուհետեւ դահլիճում ընդհանրապես չեն կարող հայտնվել, նրանք պետք է փակ օթյակներից, ավելի ստույգ` ապակու հետեւից նայեն մեր օրենսդիրների հայրենանվեր աշխատանքին, եւ անմիջական կոնտակտի մեջ մտնելը, հարցազրույց վերցնելը, եթե տվյալ պատգամավորը հատկապես դրանից խուսափում է, կդժվարանան: Չնայած, սկզբունաքային առումով, խորհրդարանը պիտի որ պետական կառույցներից ամենադեմոկրատականը լինի, քանի որ անմիջականորեն ժողովրդի ընտրությամբ է ձեւավորվում, եւ հատկապես լրագրողների հետ շփումները պետք է այստեղ մյուս կառույցներից շատ ավելի հեշտացված լինեն: Բայց փաստորեն հակառակն է ստացվում, մանավանդ` ապակիների մասով, դրանց հետեւից նիստին հետեւելը կարող է անգամ սիրտ ճաքեցնել: Մենք էլ կարող ենք առավել առաջ գալ խորհրդարանի առաջարկած «պանիրը բանկայի մեջ» նոր աշխատաձեւից ու առաջարկել, որ պետությունը միջոց գտնի եւ օնլայն հեռարձակի ԱԺ նիստերը` փակ ռեզերվուարներից ազատելով լրագրողներին. պատգամավորները վերջնականապես կազատվեն լրագրողներից, վերջիններս էլ համակարգիչների մոտ նստած աշխատավայրից կհետեւեն ԱԺ նիստերին, ու այդպե~ս օնլայն էլ կապրենք:
Բայց վերադառնանք իսկապես ուրախալի իրադարձությանը` խորհրդարանի վերակառուցված դահլիճի հանդիսավոր բացմանը: Եկել էր երկրի նախագահը, որը մի շատ սրտառուչ խոսք ասաց, Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնեց օվալը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու բազմաթիվ այլ հյուրեր էին ներկա:
Նախագահ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին` վերակառուցված դահլիճի բացման առթիվ. «Առաջին իսկ հայացքից տպավորված եմ արդյունքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար հարմարավետ դահլիճ», ասաց նախագահը: Առանձնացնելով նրա խոսքի որոշ հետաքրքրական հատվածներ` նշենք, որ նախագահը հատկապես շեշտեց ոչ միայն խորհրդարանի օրենսդիր առաքելությունը, այլեւ կարեւորագույն դերակատարումը իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում. «Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատվության իր բաժինը: Իրոք, կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիվ ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով ծրագրերը կիրառվել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան, եւ չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը», նկատեց նախագահ Սարգսյանը` հավելելով, որ ժողովրդի «ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսեւորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է», եւ վստահություն հայտնելով, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
«Ազգային ժողովի նիստերի վերանորոգված եւ ձեւափոխված դահլիճը յուրատեսակ նվեր է եւ հարգանքի արտահայտություն Հայաստանի երրորդ հանրապետության` այս տարի 20 տարեկան դարձած խորհրդարանին», իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` կարծիք հայտնելով, որ ժամանակի պահանջներին բավարարող, բայց եւ պառլամենտարիզմի ոգուն համահունչ նիստերի դահլիճ ունենալը կարեւոր էր պատգամավորների աշխատանքային պայմաններն արդիականացնելու, օրենսդիր մարմնի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու եւ խորհրդարանի դերի հանրային ընկալման տեսանկյունից:
Նա խոսեց դահլիճի օվալաձեւ կառուցվածքի խորհրդից` «կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջը զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով»: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նոր դահլիճում տիրապետող կլինի ասպետական ոգին (դրանից առաջ խոսել էր 12-րդ դարի ու Արթուր թագավորի մասին), որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ.« Դա ամենեւին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ոչ իհարկե: Դրանք քաղաքական կյանքի անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդարձի ու կյանքի ինքնանպատակ դրսեւորումները»: Նա նշեց, որ խորհրդարանը մարդկանց ավելի հասկանալի եւ ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք, ու անգամ այդ ուղղությամբ քայլեր արվել են. «Շատերի համար Ազգային ժողովն արդեն իսկ դադարել է խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ կառույց լինելուց: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ պատկերացումները: Բայց մենք նաեւ Ազգային ժողովի խորհուրդն ամրապնդելու, նրա հաստատուն հարգանքն ու ժողովրդականությունն անընդհատ ավելացնելու խնդիր ունենք: Սա անելու ենք աշխատանքով, անելու ենք հավատով: Այլ ճանապարհ չկա: Եվ միշտ պետք է հիշենք, որ անհատը պատգամավոր է ընտրվում որոշակի ժամանակահատվածի համար միայն, իսկ խորհրդարանի դերն ու անունը կերտվում են ապագայի համար: Սա է, որ պիտի հիշենք ամեն օր աշխատանքի գալիս: Մեր աշխատանքի կոնկրետ արդյունքներով շարունակելու ենք ցույց տալ, որ միշտ կարողացել ենք բաց ու հստակ խոսել, խոսել ազնիվ, անգամ ամենաբարդ հիմնահարցերի մասին, երբեւէ չմոլորեցնել որեւէ մեկին, լինել խոսքի տեր, հետեւողականորեն հասնել մեր միասնական նպատակին, որը մեր պետության ամրապնդումն է: Իսկ դա հնարավոր չէ առանց հանրային աջակցության, վստահության, առանց այն քաղաքացիների, ովքեր սատարում են այդ նպատակը, ովքեր ցանկանում են ապրել բարեկեցիկ ու լավ պետությունում: Այսօր մենք հենց այդ փոփոխությունների ճանապարհին ենք»:
Ահա այսպիսի գեղեցիկ մտքեր ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահը ԱԺ նոր դահլիճի բացման առիթով, նոր քառօրյայից երկու օր առաջ: