«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի 2-րդ նիստը կայացավ երեկ: Անմիջապես նիստից հետո ՄԻՊ գրասենյակում ասուլիս էր հրավիրվել: Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել են այն սկզբունքային հարցերը, որոնք, ըստ աշխատանքային խմբի, կա՛մ չկան օրենքում, կամ էլ լուծված չեն պատշաճ մակարդակով: «Մյուս նիստի ժամանակ վերջնական որոշելու ենքՙ նոր օրենքի՞, թե՞ արդեն գոյություն ունեցող օրենքի փոփոխությունների փաթեթ առաջարկել եւ ըստ դրա էլ կշարունակենք մեր աշխատանքը», ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Հարությունյանը: Վերջինս տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի նիստերը կայանալու են ամեն ուրբաթ օր: Աշխատանքային խումբը նաեւ 3 օր հանդիպել է Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ից հրավիրված փորձագետներին: «Աշխատանքային խմբի անդամներն ու փորձագետներն աշխատել են իրար հետ, մեր հետագա աշխատանքներում հաշվի կառնենք նաեւ փորձագետների կարծիքները», ասաց օմբուդսմենը:
Խոսելով կապուղիների մրցույթի մասինՙ Արմեն Հարությունյանը նշեց. «Կուզենայի, որ մրցակցություններն ավելի շատ լինեին, բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք»:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի են այն հեռուստաընկերությունների անունները, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթին: Նախատեսված 18 մրցույթից միայն երկուսում են ներկայացվել մեկից ավելի հայտեր: Այս մասին «Ազգը» գրել էր երեկվա համարում: Լրագրողների հարցին, թե որո՞նք են այն կարեւոր եւ սկզբունքային հարցերը, որոնք խմբի անդամները քննարկել են նիստում, օմբուդսմենը պատասխանեց.«Այսօր չէի ցանկանա կոնկրետ նշել այդ հարցերը: Մյուս նիստից հետո այդ ամենն արդեն կտանք մամուլի հաղորդագրությամբ»: Ընդամենն այսքան բան ասելու համար աշխատանքային օրվա վերջին օմբուդսմենը լրագրողներին հրավիրել էր ՄԻՊ գրասենյակ: Լրագրողները, օպերատորները շտապել էին ասուլիսի` դեռ մի օր առաջ մտածելով, թե պարոն Հարությունյանը նիստից հետո ի՞նչ կարեւոր տեղեկություն է հրապարակելու, այնինչ... Կատակը մի կողմ` տեղեկությունն իրապես կարեւոր էր` լրագրողներս իմացանք, որ հաջորդ նիստից հետո, հավանաբար ուրբաթ օրը, կրկին հրավիրված ենք ՄԻՊ գրասենյակ մամուլի հաղորդագրություններ ստանալու, եւ ո՞վ գիտի, միգուցե «ասուլիս» էլ լինի:
Ի. Պ.