Սյունիքի Կոսականի շրջանի Կերեն բնակավայրում ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը` Արտակ Գնունու գլխավորությամբ, հայտնաբերել է դամբարանային բացառիկ մի համալիր: Այս մասին երեկ կայացած ասուլիսում նշեցին մշակույթի նախարարության վերոհիշյալ կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն ու հնագետ Արտակ Գնունին : Համալիրը, ըստ Գնունու խոսքերի, բացառիկ է մի քանի առումներով. «Նախՙ ուշ ուրարտական, Երվանդյան, Աքեմենյան ժամանակաշրջանին է պատկանում, աչքի է ընկնում շատ լավ պահպանված հուշարձաններով, համալիրը նաեւ ընդգծում է տեղի մշակույթի նույնականությունը հայկական լեռնաշխարհի մշակույթի հետ, եւ սրանով իսկ ապացուցում, որ տվյալ տարածքները ոչ միայն մշակույթային, այլ նաեւ քաղաքականապես հայկական են եղել եւ կան», ասած Գնունին: Հնագետը, սակայն, նկատեց նաեւ, որ համալիրը կանգնած է ավերման վտանգի առջեւ, որի պատճառները ինչպես բնական կարող են լինել, այնպես էլ արհեստական. «Անձրեւներից, ճանապարհաշինությունից դամբարանը կարող է ավերվել, որտեղ իրենց մեղքը կարող են ունենալ նաեւ գանձագողերը», մտահոգություն հայտնեց Գնունին: Հակոբ Սիմոնյանը, սակայն, վստահեցրեց, որ քանի որ այդ տարածքները ԼՂՀ իրավասության տակ են, ապա. «Մենք ձեռք ենք բերել ԼՂՀ պատկան մարմինների հետ պայմանավորվածություն` ոչ միայն այդ, այլ նաեւ այլ հուշարձանային համալիրների պաշտպանության առումով: Պետք է նշեմ, որ ԼՂՀ ղեկավարությունը շահագրգռված է պահպանելու այն բոլոր ապացույցները, որոնք վկայում են Ղարաբաղի հայկականության մասին, իսկ կոնկրետ Կերենի համալիրը Արցախի հայկական լինելու կնիքն է», նկատեց Սիմոնյանը: Վերջինս նշեց նաեւ, որ ԼՂՀ զբոսաշրջության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղում կբացվի հնագիտական թանգարան. «Դա կլինի կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին. այժմ աշխատանքները են տարվում հուշարձանները թանգարանային տեսքի բերելու ուղղությամբ», նշեց Սիմոնյանը: Երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ իրենց արշավախմբերը 90-ականներից սկսած ուսումնասիրություններ են կատարել Սյունիքի եւ Արցախի ավելի քան 1500 հնավայրերում. «Մեր բոլոր ուսումնասիրությունները վկայում են միայն մեկ բանի մասին` այդ տարածքները բնիկ հայկական են: Ցավում եմ միայն, որ պետական աջակցության բացակայության պատճառով մեր շատ ուսումնասիրությունների արդյունքներ չեն հրապարակվել», ասաց Սիմոնյանը:
Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում. փաստորեն պետական աջակցություն չկա մեր հնավայրերը պահպանելու, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելու հարցում, սակայն դրանք կան նոր հուշարձաններ կառուցելո՞ւ համար: Իսկ այդ դեպքում չկա՞ արդյոք մտավախություն` ո՞վ պետք է պահպանի այդ նորաստեղծ հուշարձանները, ասենք, մի քանի տասնամյակ, եթե չասենքՙ դար հետո: Այսօր հայկական հնամենի հուշարձան-կոթողների իրավիճակն այնպիսին է, որ եթե դրանք Հայաստանում են, ապա` հազվադեպ են պահպանված վիճակում, եթե դրանք հարեւան Իրանում են, ապա, համաձայն Հակոբ Սիմոնյանի խոսքերի, «հոյակապ պահպանվում են», եթե Վրաստանում են` սեփականաշնորհվում են, իսկ Ադրբեջանում գտնվող մեր հուշարձանները ոչնչացվում են. ի տարբերություն վրացիների, որոնց համար «շատ հեշտ է» Հայ առաքելական եկեղեցին դարձնել վրաց ուղղափառ, ադրբեջանցիների պարագան այլ է` եկեղեցին երբեք մզկիթ չի դառնում` «այն ոչնչացնել է պետք», մանավանդ որ գենետիկ ատելություն ունես ամեն հայկականի նկատմամբ...թերարժեքության բարդույթից ելնելով:
«Մեր ժողովուրդը ինքը առաջին հերթին պետք է պահպանի մեր հուշարձանները. դրանցից շատերն, օրինակ, բարձրլեռնային տեղանքներում են, որտեղ պահակի առկայությունը իրատեսական չի թվում», այսպես ասաց մշակույթի նախարարությանը կից կենտրոնի ղեկավարը: Անշուշտ` ճշմարտություն կա այս խոսքերում` մանավանդ որ Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների մոտ գանձագողերը չեն կարող լինել, ասենք` ադրբեջանցի, դրանք հայ են, որոնց պապերը` մեր պապերը հենց ստեղծել են այդ կոթողներն ու արյան գնով պահպանել:
Հ. ԱՖՅԱՆ