«Վիվասել-ՄՏՍ» ընկերության եւ BirthLink հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվելու Հայաստանի մարզերի բուժհաստատություններում: Չորս մարզերի հիվանդանոցների համար ձեռք են բերվել նեոնատալ խնամքի շուրջ 70 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ: Երեկ «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում` ասուլիսի ժամանակ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ նեոնատալ խնամքի սարքավորումները տեղադրվելու են Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում` Գյումրիի ծննդատանն ու մանկական հիվանդանոցում, Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի եւ Բերդի ծննդատներում: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նեոնատալ խնամքին ուղղված ծրագրի նոր փուլը: «Այն ծրագիրը, որը 2008 թվականից սկսել էինք ծննդաբերական բուժհաստատությունների հետ, շարունակվում է եւ շարունակվելու է», ասաց Ռալֆ Յիրիկյանը: 2010-ին ծրագրի ուշադրության կենտրոնում են լինելու ամենախոցելի մարզերն ու սահմանամերձ գյուղերը, որոնք աշխարհագրական դիրքի պատճառով չեն կարող օգտվել երեւանյան հիվանդանոցներից եւ չունեն համապատասխան սարքավորումներ հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար:Նեոնատալ խնամքի սարքավորումների տեղադրումը կնպաստի, որ Հայաստանում նվազի մանկական մահացությունների թիվը: Աշխարհում ամեն տարի կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացության 65 տոկոսը գրանցվում է մանուկների կյանքի առաջին ամսվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում արձանագրված տվյալները:
Երեկ BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը նշեց, որ ծրագիրն անցյալ տարի իրականացվել է Երեւանում. «Դա բավականին լուրջ ներդրում էր»: 2009-ին ծրագիրը ներառել է Երեւանի 11 հիվանդանոց` ապահովելով դրանք շուրջ 144 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներով: Նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանը հավելեց. «Ինչ-որ թվեր ամբողջացնելու համար մի տարին, կարծում եմ, բավարար ժամանակ էր»: Ա. Ջերջերյանի փոխանցմամբ` Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի հետազոտությունները պարզել են, որ Երեւանի ծննդօգնության հիմնարկներում մահացությունը նվազել է 25-35 տոկոսով:
Նեոնատալ խնամքի ծրագիրը, սակայն, չի ավարտվում միայն սարքավորումներ տեղադրելով: Միջազգային մասնագետները բուժհաստատություններում աշխատող բժիշկների եւ բուժքույրերի հետ անցկացնելու են վերապատրաստման դասընթացներ, որպեսզի բուժանձնակազմն առավել արդյունավետ օգտագործի նեոնատալ խնամքի սարքավորումները: Fisher & Paykel Healthcare ընկերության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Կոննոլին, որը զբաղվում է բժիշկների եւ բուժքույրերի վերապատրաստման աշխաանքներով, կարեւորեց սարքավորումների օգտագործման վերաբերյալ դասընթացները: «Գալիք առնվազն 5 տարիների ընթացքում ուրախ կլինեմ աջակցել այդ վերապատրաստումներն իրականացնելու համար», հավելեց Նիկոլաս Կոննոլին:
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ մանուկներին օգնելու եւ փրկելու ծրագիրը շարունակական է լինելու:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ