Թուրքական պետությունում երկրորդ հայկական եկեղեցում է հնչել աղոթք: Վանի Սուրբ Խաչ եկեղեցու բացումից, գմբեթին վերջիվերջո խաչի տեղադրումից հետո Դիարբեքիրում նույնպես վերաբացվեց Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը, Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքերով, «Միջին Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եւ ունի 1400 քմ աղոթատեղի»: Աթեշյանը, որը մասնակցել է եկեղեցու վերաբացումից հետո առաջին աղոթքին, նաեւ հույս է հայտնել, որ հաջորդ տարի Սուրբ Կիրակոսում մեծ պատարագ կմատուցվի:
Վերջին անգամ Դիարբեքիրի եկեղեցին գործել է 1978-ին: Երկար տարիներ օգտագործվել է որպես պահեստ: Այս տարիներին եկեղեցին անբարեկարգ, խարխուլ վիճակում էր: Սուրբ Կիրակոսը վերականգնվել է հատուկ եկեղեցու վերականգնման համար ստեղծված հիմնադրամի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի ընդհանուր ջանքերով: 2,5 մլն դոլար արժողությամբ ծախսերի 70 տոկոսը հոգացել է հիմնադրամը, մնացած 30 տոկոսը` քաղաքապետարանը: Վերակառուցման աշխատաքները տեւել են երկու տարի:
«30 տարի անց հայկական եկեղեցում հնչած առաջին աղոթքին մասնակցելու համար Սուրբ Կիրակոս էին ժամանել Արամ արք. Աթեշյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, եկեղեցու հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը եւ այլք», այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթը»` մեջբերելով արքեպիսկոպոսի եւ քաղաքապետի խոսքերը: «Աղթամարի Սուրբ Խաչի պես այս եկեղեցին նույնպես հայերիս համար կարեւոր է: Մենք ուրախ ենք, որ այն մեր եկեղեցին է եւ մեր ձեռքից չեն վերցրել», նշել է Աթեշյանը: Իսկ Դիարբեքիրի քաղաքապետը իր խոսքում նշել է. «Մեր մարգարեները տարբեր էլ լինեն, միեւնույնն է, դուք իմ եղբայրներն եք: Խնդրում եմ ընդունեք իմ եղբայրությունը: Ես պարզ ու անկեղծ կասեմ` ձեր առաջ պարտական եմ զգում ինձ. ես պարտք եմ ձեզ: Այս քաղաքը որքան որ իմն է, այնքան էլ ձերն է»: Բայդեմիրը նաեւ ընդգծել է, որ Սուրբ Կիրակոսի բացումը կիրականացվի «հայ եղբայրների հետ, եւ այդ հանդիպումները շարունակական կլինեն»: Իր հերթին «Սուրբ Կիրակոս» հիմնադրամի նախագահ Փափուչյանը նշել է. «13 տարեկան էի, երբ այստեղ եկանք: Փողոցում հաճախ էի լսում իմ հասցեին հնչող «գյավուր» բառը: Ծնողներս այստեղ շատ անհանգիստ էին ապրում, եւ մենք ընտանիքով հեռացանք: Ուզում եմ իմ թոռնիկին այստեղ կնքել. մենք չենք կարող թույլ տալ, որ ոչնչացվեն մեր արմատները»:
Մեր արմատների ոչնչացման մասին, սակայն, ահազանգել է Համաշխարհային ժառանգության հիմնադրամը (Global Heritage Fund): Կազմակերպությունը հրապարակել է «Ոչնչացման եզրին հայտնված պատմական հուշարձանների մասին» իր զեկույցը, որոնց թվում են Անիի պատմական հուշարձանները: Զեկույցում հատկապես մտահոգություն է հայտնվել «1001-ին կառուցված Անիի մայր տաճարի թուրքական կառավարության կողմից ոչնչացման» կապակցությամբ: Առհասարակ Թուրքիայի վարկանիշը` «պատմամշակութային ժառանգության հանդեպ դրսեւորած անտարբերության» առումով, գնահատվել է ճգնաժամային:
Հ. ԱՖՅԱՆ