ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես որ մեր երկրում ժողովրդավարությունն է «զարգանում», այսինքնՙ ամեն բան կա ժողովրդավարության համար` օրենքներ, համաձայնագրեր, կառույցներ, բայց ինքը` ժողովրդավարությունն այդպես էլ չկա, ահա այդպես էլ կարելի է դիտարկել Հայաստանի խորհրդարանի նոր, օվալաձեւ դահլիճի ու խորհրդարանի լուսաբանումն ապահովող լրագրողական հնարավորությունների խնդիրը. դե, լրագրողներիս համար սիրուն աթոռներ կան սիրուն օթյակներում, կից սենյակներ` մոնիտորներով, բազմոցներ. դրսի համար ցուցադրական կողմն ապահովված է, սակայն փաստն այն է, որ լրագրողները պետք է նստեն փակ եւ նեղ օթյակում, որտեղ նստած դիրքից երեւում է խորհրդարանի օվալաձեւ դահլիճի ղեկավարման վահանակն ու դահլիճի կեսը միայն, ողջ դահլիճը տեսնելու համար պիտի ոտքի վրա ապակու հետեւում տնկված կանգնեն, իսկ ձայնագրելու համար էլ պետք է անընդհատ անցնեն մյուս նստածներին խանգարելով դեպի միակ դինամիկը: Իսկ գլխավորը, ինչի շնորհիվ ի վերջո հետաքրքրություն է ստանում լրագրողի աշխատանքը խորհրդարանում եւ նրա ներկայացրած լրատվամիջոցում, հրատապ հարցին զուգահեռ դահլիճ ելումուտ անող հարկավոր պատգամավորներից կարծիքներ վերցնելն է, ինչը հիմա գործնականում հնարավոր չէ գոնե տվյալ` հարկավոր պահին, քանի որ պետք է երրորդ հարկից վայրկյանում չգիտեմ քանի մետր արագությամբ սլանալ երկրորդ հարկ, դեռ հստակ էլ պետք է իմանալ` ո՞ր դռնից է դուրս գալու պատգամավորը, որ հասցնի դիմացը կտրել ու իր հարցը տալ: Ահա ստացվեց ճիշտ մեր երկրի ժողովրդավարության նման` անունը կա, ամանում` ոչ: Մի խոսքով` ապակին նեղում է, ձայնագրելու հնարավորություն չկա, ինտերվյու վերցնելը տասնապատիկ դժվարացել է, ինտերվյուները վերցնելու համար մի քանի անգամ պիտի լույսի արագությամբ վերուվար անես ԱԺ երկրորդ եւ երորդ հարկերի միջեւ 100 մետր երկարությամբ միջանցքներով ու ծակուծուկերով: Այսքան նվաստացած վերջին քսան տարվա ընթացքում լրագրողը դեռեւս չի եղել հայոց խորհրդարանում: Դե արի ու մի մտածիր, թե այս բոլորն արված է հատուկ` մեր ազգընտիրներին որքան հնարավոր է լրագրողների հետ շփումներից հեռու պահելու համար:
«Մենք միշտ հասանելի ենք, վազել պետք չէ: Իսկ դահլիճի այս ձեւն ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է, բոլոր եվրոպական երկրների պառլամենտներում մոտավորապես նույն կառուցվածքն ունի պառլամենտը, դուք ունեք բոլոր հնարավորութունները», ի պատասխան մեր դժգոհության` ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը : ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը եւս այս բոլորի մեջ արտառոց ոչինչ չտեսավ` անցած տարի Հայաստանի խորհրդարանական 15-հոգանոց պատվիրակությանը հրավիրվել էր ՌԴ Պետդումա, ճիշտ նույն կարգավիճակում էին հայ պատգամավորները, ապակու հետեւից հետեւել են Պետդումայի աշխատանքին: Իսկ նստած տեղից դահլիճի կեսը չտեսնելու մասին էլ ասաց. «Դժվարանում եմ ասել` գուցե պրոյեկտի անհարմարություն կա, մենք որ Պետական դումայում էինք` նստեցինք, շատ լավ երեւում էր»:
Լրագրողների դժգոհությունները հասան այն կետին, որ ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Գոհար Պողոսյանը լրագրողներիս հանդիպեցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ, որն ինքը եւս խնդիրներ տեսնում էր: Առաջին խնդիրն, ըստ նրա, այն է, որ մարդիկ մի բանի են սովոր, հետո գալիս է մի նոր փուլ, որին կամ պետք է սովորել, կամ նորից փոփոխություններ պետք է արվեն: Մի խնդիր էլ իր կողմից մեզ` լրագրողներիս առաջադրեց. «Եկեք սկսենք դրես -կոդից. Դրես - կոդ ասելով` նկատի ունեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմից սկսած` ցանկացած ելումուտ ունեցող պետք է այնպես հագնվի, որ վերեւից կամ ներքեւից իրար նայելիս որեւէ արտառոց բան իրար մասին չխոսենք»: Դե եթե պատգամավորների պես ենք հագնվելու` մի-մի մանդատ էլ տվեք` պրծնենք: Գ. Ղարիբջանյանը լրագրողների մատնանշած անհարմարությունները կապեց ԱԺ շենքի ճարտարապետության հետ. «Հիմա այդ ձեւի է նախագծված, ես չեմ նախագծել, ոչ էլ Աբրահամյանը. եթե այդ նախագիծը խնդիրներ է առաջացնում, խնդրեմ, ես զեկուցեմ պարոն Աբրահամյանին, որ ապակին մարդկանց մոտ կլաուսոֆոբիա է առաջացնում»:
Խնդիրները լրագրողները ներկայացրին` ձայնագրելու անհարմարություններ, ԱԺ մուտքուելքի սահմանափակումներ, լրագրողայկան օթյակները Աժ- դահլիճից մեկուսացնող ապակի ու փակ, անօդ օթյակներ. «Ապակին հանենք` ճաղեր դնենք, որ չընկնեք: Ճարտարապետի արածն է», խոստացավ-կատակեց Ղարիբջանյանը: Աթոռների տակ դինամիկներ եւս խոստացվեցին, դահլիճին մերձ եւս մեկ մոնիտոր է միացվելու, որ ցանկացողների դահլիճի դռանը մոտիկ տարածքից հետեւեն նիստի ընթացքին` հարկավոր պահին իրենց հարկավոր պատգամավորին «բռնելով», համակարգիչներ կբերվեն օթյակներին մերձ սենյակներ: Սակայն գլխավոր անհարմարությունը` երրորդ հարկ-երկրորդ հարկ երթուդարձը լաբիրինթոս միջանցքներով, ոչ հնարավոր է վերացնել, ոչ էլ փոփոխել` «Հո դահլիճը նորից չենք քանդելու, տեղն այդքան է»:
Ի դեպ, միայն լրագրողներիս համար չէր անհարմար, առավոտյան նիստն սկսելու պահին պատգամավորները եւս քվեարկելիս դժվարություններ ունեցան, անգամ ԱԺ նախագահը պատգամավորներից մեկի դժգոհությանն ի պատասխան նկատեց, թե` «Կես ժամ շուտ գայիք, մարզվեիք», հետո էլ հանգստացրեց. «Առաջին օրն է, կսովորեք»` բացատրելով, որ նախ պետք է կողմ քվեարկեն, հետո էլ կրկին հաստատեն քվեարկությունը, իսկ Ս. Նիկոյանը ստիպված էր բացատրել, որ երբ գրվում է «Շնորհակալություն քվեարկության համար», ուրեմն արդեն քվեարկել են:
Չնայած լրագրողների մոլորված վիճակին, որոնք չէին կարողանում կողմնորոշվել` աշխատե՞ն, թե՞ ոչ, ԱԺ-ն շարունակեց իր սովորական աշխատանքը, անգամ հետաքրքրություն ներկայացնող հարցեր էին քննարկվում, ինչպես օրինակՙ օրենքի այն նախագիծը, որով առաջարկվում է յուրաքանչյուր տարի դատավորների եւ դատախազի աշխատավարձի չափեր սահմանել պետբյուջեի օրենքով, նաեւ բարձրացնելով նրանց աշխատավարձը: Կառավարության այս նախաձեռնությանը կտրուկ դեմ էին ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»` այդ նախաձեռնության մեջ դատավորների եւ դատախազի անկախությանը վտանգի սպառնալիք ու կոռուպցիայի հնարավորություններ տեսնելով, թեեւ այս նախագծի հիմնավորումներից էր հակակոռուպցիոն շարժառիթը: Բացի այդ` բյուջեում արդեն այդ աշխատավարձերը նախատեսված էին, ինչը ե՛ւ Լարիսա Ալավերդյանը , ե՛ւ Արծվիկ Մինասյանը մտահոգիչ անվանեցին` ԱԺ-ն որպես կառավարությունից կախված մարմին դիտարկելը նկատի ունենալով: Իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առավոտյան հասցրեց հետաքրքրվել, թե այս նոր, գեղեցիկ դահլիճում ե՞րբ է քվեարկության դրվելու ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը: իսկ ԱԺ նախագահն էլ նրան պատասխանել էր, թե այս քառօրյայում այդ քվեարկությունն ընդգրկված է` կոալիցիան եւ ընդդիմությունը մի անգամ էլ պետք է խոսեն-պայմանավորվեն դեռ: Մինչդեռ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկում է ընդհանրապես օրինագիծը հանել օրակարգից եւ միայն ԱԺ ուղերձում թողնել:
Էլի լրագրողների մոլորվածությունը մի կողմ` անխոնջ Արմինե Անտիկյանը (Աժ նախագահին առընթեր մշակույթի հարցերի պատասխանատուն) նոր դահլիճին կից նոր ֆոյեում մի թարմ ցուցահանդես էր կազմակերպել` գեղանկարիչ Էդվարդ Սասունի աշխատանքների ցուցահանդեսը` գունեղ դարձնելու համար պատգամավորների նորդահլիճային առաջին օրը: