«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Երեւանում եզակի համերգային ծրագրով հանդես է գալու համաշխարհային ռոք եւ բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց. «Հաշվի առնելով Ջո Կոկերի տարիքն ու քիչ շրջագայելու փաստը` բավականին բարդ էր նրան Հայաստան հրավիրելը, բայց մեզ դա հաջողվեց»: Այս գործում, ըստ Ս. Ռոստոմյանի, իրենց մեծապես օգնել է փառատոնի կենսագրությունն ու այն աստղերի ցուցակը, որոնք փառատոնի շրջանակներում ելույթ են ունեցել Հայաստանում: Ջո Կոկերի համերգը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացի նոր ծրագրից համերգի ընթացքում երգիչը կատարելու է նաեւ հայտնի ու սիրված հիթեր: Ջո Կոկերի համերգը ֆինանսավորում է «Ամերիա» բանկը, համերգը կազմակերպվել է բանկի 100-ամյակի կապակցությամբ: Տոմսերը արժեքը լինելու է 30-60 հազար դրամի սահմաններում: Խոսելով տոմսերի այսքան թանկ լինելու մասին` Ս. Ռոստոմյանը նշեց. «Մենք որեւէ պատասխան տալ չենք կարող: Երգչին Հայաստան բերելը կապված էր մեծ ֆինանսական միջոցների հետ»: Համերգի համար «Ամերիա» բանկը բավականին գումար է ծախսել, եւ ինչ-որ ձեւով պետք է կոմպենսացներ այն:
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին Հայաստանում համերգային ծրագրով հանդես է գալու նաեւ սերբ հայտնի երգիչ ու երգահան Գորան Բրեգովիչն իր նվագախմբով: Դեկտեմբերի 3-ին էլ դարձյալ վերոնշյալ փառատոնի շրջանակներում` Երեւանում կկայանա իսպանացի հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Երեւանյան հեռանկարների» գեղ. ղեկավարի փոխանցմամբ` Պլասիդո Դոմինգոն շատ ուրախ է, որ գալու է Հայաստան: Իսպանացի տենորը հանդես է գալու հայտնի սոպրանո, «Գրեմի» մրցանակակիր Աննա Մարտինեսի հետ:
Ի. Պ.