Այսօր լրանում է 11 տարին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության, երբ մի խումբ հանցագործներ մտան երկրի Ազգային ժողով եւ գնդակահարեցին խորհրդարանի ղեկավարությանը, երկրի վարչապետին, պատգամավորների: Շատ անգամ ենք գրել, ցավել, ափսոսացել ե՛ւ զոհվածների ու նրանց հարազատների համար, ե՛ւ երկրի համար, քանի որ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելը չի կարող անհատների դեմ ուղղված հանցագործություն լինել, դա պետության եւ պետականության, նրա սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է:
Երբեւէ երեւի կդառնանք այնպիսի պետություն, որ կհամարձակվենք մատնացույց անել այլ, ավելի հզոր երկրների հատուկ ծառայությունների հետքն այս անմարսելի հանցագործության շարժառիթների տակ կամ անվանել պատվիրատուներին եւ պատժել նրանց: Վստահ ենք, որ այդ օրն էլ երբեւէ կգա: Կկարողանանք փոխադարձ մեղադրանքների կծիկը քանդել ու մի կողմ դնել եւ գնալ հանցագործությունը վերջապես բացահայտելու ուղիով: Շահարկումներն էլ կմոռացվեն, եւ մենք կըմբռնենք հատկապես, որ երկիրը, նրա խորհրդանիշ պաշտոնյաներին պաշտպանելու գործն իսկապես ազգային անվտանգության եւ պետության հեղինակության խնդիր է: Առայժմ բավարարվում ենք հիշելով, ցավելով եւ ցավակցելով` մեր սրտում բազում կասկածներ պահելով: Այսօր էլ այդպես կլինի, այսօր էլ ԱԺ պատգամավորները կհարգեն զոհված պետական այրերի հիշատակը խորհրդարանի այգու հուշաքարի մոտ` հանցագործության վերջնական բացահայտման երազանքից, այնուամենայնիվ, չհրաժարվելով:
Մ. Խ.