ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան
Շուրջ 40 երկրի մասնակցությամբ ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց Մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Ավանդական դարձած ցուցահանդեսի նպատակն է մեկ վայրում հավաքել մամուլի ներկայացուցիչներին` հնարավորություն ընձեռել մամուլի եւ գրքերի օգնությամբ ներկայացնելու իրենց երկիրը:
Այս անգամ ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն ԱՊՀ, այլեւ բազմաթիվՙ աֆրիկյան, լատինամերիկյան, եվրոպական եւ ասիական պետություններ: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին «Ազգ» օրաթերթն ու PanArmenian.net լրատվական գործակալությունը: Հենց ցուցահանդեսի մեկնարկին ադրբեջանական կողմը ներկայացրեց իր ագրեսիվ պահվածքն ու արժանացավ ներկա լրատվամիջոցների բացասական ուշադրությանը:
Իրանական կողմը մասնակից երկրների տաղավարները պատրաստելիս ներկայացրել էր նաեւ տվյալ երկիրը ներկայացնող ազգային խորհրդանիշը: Հայկական տաղավարի համար կազմակերպիչներն ընտրել էին Արցախի խորհրդանիշՙ Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» կամ հասարակությանն ավելի հայտնի «Տատի ու պապի» հուշարձանը, որը կատաղեցրեց ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական պատվիրակությանը: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ողջ փուլում ադրբեջանական կողմը գրեթե չէր հեռանում հայկական տաղավարից:
Նրանք ներկայանում էին կամ պատվիրակության անդամների հետ, կամ «ավագ եղբայրներ թուրքերի» աջակցությամբ:
Նախ ադրբեջանական կողմը հարձակվեց հայկական պատվիրակության անդամների վրա` բղավելով, թե հայերը տաղավարում ներկայացրել են «իրենց հուշարձանը» (թե որ օրվանից էր «Տատն ու պապը» դարձել Ադրբեջանի հուշարձանը` չի կարող բացատրել անգամ այն ադրբեջանցին, որ ապրում է սուլթան Ալիեւի տված ստահոդ հայտարարություններով, թե Բաքուն աշխարհի ամենալավ քաղաքն է ու այնտեղ ապրելն ուղղակի երազանք է, կամ իրենք կարող են կրկին պատերազմել եւ այս անգամ հաղթել Հայաստանին-Հ.Հ.): Մինչ ցուցահահանդեսի կազմակեպիչները ապարդյուն փորձում էին բացատրել արդեն խելագարության հասած ադրբեջանցի պատվիրակությանը, որ համաժողովին քաղաքական ենթատեքստ չեն ցանկանում տալ, ադրբեջանցիներին թիկնապահի կարգավիճակով միացան նաեւ թուրք լրագրողները:
Ադրբեջանա-թուրքական պատվիրակությունն այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ դա գրավել էր գրեթե բոլորի ուշադրությունը: Օտարերկրյա լրագրողները մոտենում էին, հարցնում աղմուկի պատճառի մասին եւ լուսանկարում հայկական տաղավարը: Հայկական կողմը` փորձելով հարթել իրավիճակն ու քաղաքական ենթատեքստ չտալ բնույթով ոչ քաղաքական համաժողովին, խնդրեց ադրբեջանական պատվիրակությանըՙ միայն կազմակերպիչների կարծիքն ու մեկնաբանությունը լսելուց հետո որեւէ քայլ ձեռնարկել, սակայն այդ ժամանակ հայկական տաղավարում հայտնվեց ամենայն հավանակությամբ հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցի լրագրողը, վիրավորական խոսքեր ուղղեց Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին եւ պոկեց պատին ամրացված ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները` ցանկանալով պատռել: Կազմակերպիչները մեծագույն ճիգերով ադրբեջանցի «գործընկերոջը» ստիպեցին հեռանալ տաղավարից:
Այն, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի սովորել խնդրի մասին խոսել հանգիստ մթնոլորտում, առանց գոռալու, մատ թափ տալու եւ հայկական ամեն ինչ ավերելու, հերթական անգամ ապացուցվեց երեկվա համաժողովում` իրանցի կազմակերպիչների ու մի շարք օտարերկրյա մասնակիցների ներկայությամբ:
Ի տարբերություն ադրբեջանական կամ թուրքական պատվիրակությունների, կատարվածի առնչությամբ իրանական կողմն էր հայկական պատվիրակության անդամներից փորձում ներողություն խնդրել ադրբեջանցիների անդաստիարակության համար եւ խոտանում, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի: Այդ դեպքից հետո այցելուների եւ մասնակից երկրների հետաքրքրությունը Հայաստանի եւ «Տատն ու պապը» հուշարձանի նկատմամբ ավելի մեծացավ, շատերն ուղղակի մոտենում էին ու խնդրում լուսանկարվել հուշարձանի նկարի հետ: Իրանական կողմը հուշարձանի ներկայությունը բացատրում էր այն հանգամանքով, թե տեղյակ չէր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ու համոզված էր, թե «Տատն ու պապը» հայկական պետական ազգային խորհրդանիշ է, ինչպես ֆրանսիական տաղավարում ներկայացված Էյֆելյան աշտարակը: Թեպետ նրանք տաղավարի պատից հանեցին լուսանկարը, սակայն հայկական կողմի պնդմամբ այն շարունակեց մնալ հայկական տաղավարում եւ ներկայացվեց մասնակիցներին:
Երեկ ցուցահանդեսի ադրբեջանցի մասնակիցները քանիցս այցելեցին հայկական տաղավարՙ թերեւս ստուգելու, թե արդյոք տաղավարում դեռեւս ներկայացվա՞ծ է Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշ համարվող «Տատի եւ պապի» հուշարձանի վահանակը: Քանի որ ադրբեջանցիների կողմից հարձակում էր տեղի ունեցել Հայաստանը ներկայացնող տաղավարի վրա, ցուցահանդեսի կազմակերպիչ իրանական կողմը որոշեց փոփոխել տաղավարի վահանակներըՙ նշված խորհրդանիշ-հուշարձանի փոխարեն տեղադրելով մեկ այլ նկար:
Իրանական կողմն այս քայլը բացատրել է որպես հայկական պատվիրակության անվտանգության ապահովման միջոց: Բացի Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը պատկերող ցուցանակները հանելուց, իրանական կողմը նաեւ տեղափոխել է Հայաստանը ներկայացնող տաղավարը ավելի հեռուՙ կրկին դա բացատրելով անվտանգության նկատառումներով: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը պատկերող փոքրիկ վահանակը մնաց տաղավարում, ու թեեւ ադրբեջանցիները հաճախակի այցելում էին տաղավար, նրանք այլեւս որեւէ քայլ չէին նախաձեռնում:
Ադրբեջանցիների տգեղ արարքը դատապարտել են ցուցահանդեսի գրեթե բոլոր մասնակիցները, որոնց ուշադրությունը Հայաստանը ներկայացնող տաղավարի նկատմամբ մեծացել էր: Հայկական տաղավարը ներկայացնող լրագրողներից հարցազրույց են վերցրել երկու իրանական հեռուստաընկերություններՙ խնդրելով ամենայն մանրամասնությամբ ներկայացնել տաղավարում ցուցադրված տեղեկությունները:
Հ.Գ. «Տատն ու պապը» հուշարձանի հայկական լինելու մասին գիտեն նաեւ ռուսները: Անցյալ տարի Մոսկվայում անցկացված «Եվրոտեսիլ» երգի միջազգային փառատոնի ժամանակ Հայաստանը ներկայացնող խորհրդանիշների թվում էր նաեւ «Տատն ու պապը»: Այդ ժամանակ էլ ադրբեջանական հիստերիան հաղթեց, եւ մրցույթի հաջորդ օրերի ընթացքում հուշարձանը Հայաստանի մասին պատմող տեսահոլովակում չէր երեւում, սակայն վերոնշյալ դեպքերը այն փաստի ապացույցն են, որ Արցախում ամեն մի հուշարձան, քաղաք կամ եկեղեցի միջազգային հանրությունը ներկայացվում է հայկական` ստիպելով Ադրբեջանին անընդհատ գործի դնել ձայնալարերն ու գոռալ անհնարինի մասին: