«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2010-10-23 | #195, 2010-10-26 | #196, 2010-10-27


ՀԱՊԿ-Ը ԿՀԱՄԱԼՐՎԻ ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Երկուշաբթի օրը Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ավարտվեցն ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ ընթացած «Փոխգործակցություն-2010» զորավարժությունները: Ավարտին կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես է եկել մի շարք հայտարարություններով. «ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորական ստորաբաժանումները կհամալրվեն ամենաժամանակակից ռազմական տեխնիկայով, այդ թվումՙ նորագույն ոչ մահացու զինատեսակների մոդելներով», «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` նշել է Բորդյուժան: Գլխավոր քարտուղարը նկատել է, որ ոչ մահացու զինատեսակները նախատեսված են զինծառայողների պաշտպանության համար. «Դրանց թվում են ծխածածկույթի համակարգեր, լուսաձայնային նռնակներ, որոնք կիրառվելու են առաջին հերթին մեր պետությունների զինծառայողների պաշտպանության համար», ասել է Բորդյուժան: Անդրադառնալով Չելյաբինսկում ընթացած զորավարժություններին` գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերում ներառված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք լավագույնն են անդամ պետությունների զինված ուժերում. «Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում հավաքական ուժերի ստորաբաժանումները կշարունակվեն համալրվել օպերատիվ արձագանքման զինամթերքով ու հեռակառավարման տեխնիկայով, ինչը կխթանի մեզ գործել միասնական ու հաջող ամեն մի իրավիճակում», եզրափակել է Նիկոլայ Բորդյուժան:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4