«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2010-10-23 | #195, 2010-10-26 | #196, 2010-10-27


ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ «ՊԻՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՌՈՂ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ

Երեկ Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ ընթերցմամբ ընդունեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանն է, օրենքը կոչված է պայքարելու տեսաձայնային սկավառակների շուկայում «պիրատության» դեմ, «Ազգն» այդ մասին մանրամասն գրել է նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելիս: Ըստ նախաձեռնության հեղինակի`այս կարգի օրենքների ընդունումը բարձրացնում է պետության վարկանիշը, նպաստում է սոցիալական արդարության կայացմանը, քանի որ մշակույթի գործիչներին հնարավորություն է տալիս օգտվելու սեփական աշխատանքի արդյունքներից: Այսուհետեւ որեւէ սկավառակի թողարկման համար, ըստ օրենքի, պարտադիր է ստեղծագործության հեղինակի հետ պայմանագրի առկայությունը: Սա կարեւոր քայլ է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, քանի որ սահմանափակում է պետական չինովնիկների կողմից այս ապօրինի բիզնեսի հովանավորության հնարավորությունը` այն լիովին տեղափոխելով օրինական դաշտ: Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (եկող տարվա մարտի մեկից) տվյալ շուկայում աշխատող բիզնեսմեններին հնարավորություն է տրվում գնելու դրոշմապիտակներ եւ իրենց բիզնեսը տեղափոխել օրինական դաշտ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4