Որոշ լրատվամիջոցներից, անգամ քաղաքական գործիչներից կարելի է տեղեկանալ, որ Երեւան ժամանած ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի խումբը ուսումնասիրություններ է անում հանրապետության նոտարական գրասենյակներում` պարզելու ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի կապերը ՀՀ-ի հետ: Այս կապակցությամբ երեկ արդարադատության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշված է. ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը դատախազին, քննիչին կամ հետաքննության մարմնին նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ, կամ բնօրինակներ տալն արգելում է: Սակայն նման պահանջը կարող է բավարարվել, եթե այդ իրավասու պաշտոնատար անձանց վարույթում է գտնվում հիշյալ տեղեկությանն առնչվող կոնկրետ քաղաքացիական եւ քրեական գործ, կամ եթե վերջիններս` միջազգային համաձայնագրերին համապատասխան, կատարում են քննչական կամ դատական հանձնարարություններ: Տվյալ պարագայում դրանցից որեւէ մեկը առկա չէ, հետեւաբար որոշ լրատվամիջոցներ տարածել են անհիմն տեղեկություններ, որ ԱՄՆ-ի հետաքննության բյուրոյի խումբը ուսումնասիրություններ է անում ՀՀ նոտարական գրասենյակներում` կապված վերջերս ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի հետ»:
Հ. Ա.