Ստացել է Հայաստանը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից
Հայաստանում այս օրերին գտնվող Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը երեկ հանդիպեց լրագրողներին: Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաեւ Հայաստանի ֆինանսների փոխնախարար, բանկում մեր երկիրը ներկայացնող Վարդան Արամյանը :
Անդրեյ Կոնդակովը, անդրադառնալով բանկի ստեղծմանը եւ գործունեությանը, հայտնեց, որ 1999-ից բանկը իր հիմնադիր անդամ 11 երկրներում իրականացրել է ընդհանուր առմամբ 169 ծրագրերՙ 3 մլրդ դոլար արժողությամբ: 2009-ի տարեվերջի դրությամբ, բանկի վարկային պորտֆելը 1,5 մլրդ դոլար է: Ըստ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահի, 3 շաբաթ առաջ միջազգային վարկանիշային «Մուդիս» գործակալությունը բանկին շնորհել է ամենաբարձրՙ AAA վարկանիշը: Անդրեյ Կոնդակովը նաեւ նշեց, որ ճգնաժամը բանկի վրա ուժեղ ազդեցություն չի ունեցել, եւ անկախ դրանից, վերջին երեք տարիներին բանկն աշխատել է շահույթով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը այդ բանկի 1 տոկոսի բաժնետերը լինելով, բանկային պորտֆելում ունի 5 տոկոս մասնակցություն: Այսինքն, մեր երկրում իրականացվել են այդ ծավալի վարկային ծրագրեր, որը գումարային առումով կազմում է ավելի քան 70 մլն դոլար:
Անդրադառնալով Հայաստանում բանկի իրականացրած ծրագրերին, Վարդան Արամյանն ասաց, որ այդ գումարներով իրականացվել է փոքր եւ միջին ձեռնարկությունների, արդյունաբերության ոլորտի ֆինանսավորում, որն ուղղված է եղել տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ արտահանման խթանմանը:
Անդրեյ Կոնդակովը ավելացրեց, որ, բացի ՓՄՁ ֆինանսավորումից, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը մասնակցություն է ունենալու ձեռնարկությունների կապիտալում: Նման մի ծրագրի շուրջն այժմ բանակցություններ են ընթանում: Այն վերաբերում է բալկանյան երկրներում գործող եւ կովկասյան երկրներում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցող ներդրումային հիմնադրամում բանկի մասնակցությանը: Բացի այդ, Սեւծովյան բանկը առաջիկայում պայմանագրեր կստորագրի երեք հայկական բանկերին միջոցներ տրամադրելու վերաբերյալ: Արդեն մեկ անգամ վարկ ստացած սննդարդյունաբերական ընկերությունը դիմել է բանկին եւս մեկ վարկ տրամադրելու համար: Հայաստանի անշարժ գույքի շուկայում առաջիկայում հնարավոր է բանկի մասնակցությունը որոշ նախագծերի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ