«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2010-10-23 | #195, 2010-10-26 | #196, 2010-10-27


ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ 100 ՏԱՐԻՆ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է

Որոշ ցուցանիշներովՙ առաջինը, որոշներով` երկրորդ բանկը Հայաստանում «Ամերիա» բանկն է` 32,2 մլրդ դրամ ընդհանուր կապիտալով: Վարկային պորտֆելի մեծությամբ` 88,4 մլրդ դրամ, օրինակ, բանկը Հայաստանում առաջատարն է: «Ամերիա» բանկը ֆինանսական շուկայում ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրել է 147,7 տոկոս աճ` ապահովվելով շուկայում ընդհանուր ներդրումների 10,5 տոկոսը:

Երեկ կայացած ասուլիսում բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ընդգծեց, որ «Ամերիա» բանկը մշտապես հանդես է եկել նորարարություններով` ամենատարբեր տեսակի: Բանախոսը վստահություն հայտնեց, որ տարվա չորրորդ եռամսյակը նույնպես բանկի համար կանցնի բավական ակտիվ. «Դեռեւս տարեսկզբին մենք նշեցինք, որ կլինենք Հայաստանի բանկային համակարգի առաջատար եռյակում. այսօր մենք երկրորդն ենք, իսկ որոշ ցուցանիշներով նույնիսկ առաջատարը: Աստիճանաբար ավելանում են մեր նաեւ ֆիզիկական վարկառուները, ինչը խոսում է մեր վստահության պաշարի մասին», նշեց Ջրբաշյանը:

Իսկ այս ամենը սկսվել է 100 տարի առաջ, երբ 1910-ին դեռեւս Երեւանում սկսեց լիարժեք գործել 1895-ին բացված` Թիֆլիսի կոմերցիոն բանկի երեւանյան մասնաճյուղը. «Այս տարեթիվը մենք համարում ենք մեր պատմության սկիզբ», ընդգծեց Ջրբաշյանը: Այնուհետեւ` 500 հազար ռուբլի հիմնադիր կապիտալ ունեցող «երեւանյան մասնաճյուղը» աստիճանաբար դառնում է Հայաստանի առաջին հանրապետության կառավարության ամենամեծ ֆինանսական գործընկերը: Բոլշեւիկյան իշխանության սկզբնական տարիներին «երեւանյան մասնաճյուղը» դառնում է պետական բանկի մասնաճյուղ. «Հետո որոշվեց բանկի հիման վրա ստեղծել կոմունալ բանկ, այնուհետեւ` «շինարարական բանկ», ներկայացրեց Ջրբաշյանը: 1974-ին 100-ամյա պատմությամբ բանկը անվանվում է «Մեժտորգբանկ», 1988-ին` «Մեժէկոնոմբանկ»: Այսօր արդեն կոչվում է «Ամերիա» բանկ: Հայաստանի միակ` 100-ամյա պատմություն ունեցող բանկի զարգացման գծով տնօրեն Ջրբաշյանը ընդգծեց, որ «Ամերիա» բանկը իր գործընկերների համար նախատեսել է 100 անակնկալ. «Դրանց մասին մենք կիրազեկենք արդեն հաջորդ տարվանից», ասաց Ջրբաշյանը` մանրամասնելով միայն, որ «Ամերիա» բանկը շուտով, հավատարիմ մնալով բանկային ոլորտի նորարարի իր կոչմանը, շուկա կներմուծի նոր վարկային ծրագիր, որը երբեւէ չի գործարկվել Հայաստանում. «Ես վստահեցնում եմ` 100 տարին դեռ սկիզբն է», եզրափակեց Տիգրան Ջրբաշյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4