«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2010-10-23 | #195, 2010-10-26 | #196, 2010-10-27


ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը երեկ խոսեց լայնաշերտ ինտերնետի դինամիկայի ու միտումների մասին: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը կազմում էր մոտավորապես 71-72 հազար, իսկ ինտերնետից Dial up-ով օգտվողների թիվը կազմում էր 47-50 հազար: Սամվել Արաբաջյանը տեղեկացրեց, որ 2010-ի առաջին կիսամյակի տվյալներով` լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է: Լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվն արդեն հասնում է 125 հազարիՙ Ս. Արաբաջյանը ուրախությամբ նշեց, որ Dial up-ով ինտերնետ օգտագործողների թիվը նվազել է մոտավորապես 2,2 անգամ: Առաջին կիսամյակի տվյալներով` Dial up օգտագործողների թիվը կազմել է մոտավորապես 21 հազար, իսկ, առհասարակ, ինտերնետ օգտագործողների թիվը` 145 հազար: Ս. Արաբաջյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 1-ի դրությամբ, բաժանորդների թիվը դարձյալ ավելացել է. «Այս պահին լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը գերազանցում է 160 հազարը»: Ըստ Ս. Արաբաջյանի` մեծածախ ինտերնետի սակագները շուրջ 2 անգամ նվազել են: Կախված ընկերություններից եւ փաթեթներից`Հայաստանում եւ հարեւան երկրներում` Վրաստանում եւ Ադրբեջանում, ինտերնետի սակագները գրեթե նույնն են: «Նույնիսկ որոշ փաթեթների մասով առավելություններ ունենք, այսինքն` սակագներն ավելի ցածր են», «Նովոստի» մամուլի կենտրոնում ասաց Սամվել Արաբաջյանը: Որքան էլ զարմանալի է, բանախոսի կարծիքով` Հայաստանում ինտերնետի որակը բավականին լավ վիճակում է. «Շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն լիարժեք երեքշերտանի ծածկույթ` 3 G տեխնոլոգիայով»: Ինչ վերաբերում է շուկայում առկա մրցակցությանը, բանախոսն այն գնահատեց բավականին առողջ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4