Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը երեկ սովորականից մարդաշատ էր: Մարդկանց այստեղ էր հավաքել մեր օրերում հազվադեպ տեղի ունեցող մի միջոցառում` Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի վերջերս լույս տեսած հայ հոգեւոր երգերի ու շարականների հատընտիր ժողովածուների շնորհանդեսն էր: Հենրիկ Բախչինյանի ` Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենի խոսքով` շատ ուսումնասիրողներ կան, որոնք աշխատում են բուն արխիվներն առանց ուսումնասիրելու: Սակայն Արսեն սրբազանն այն քչերից է, որոնք բուն աղբյուրներից են օգտվում: «Հայ հոգեւոր երգերի ընտրանի» եւ «Հայ հոգեւոր երգերի ընտրանի. շարականներ» ժողովածուների մեջ զետեղված են բազմահարուստ հայ հոգեւոր երաժշտության լավագույն նմուշներնՙ արդեն եվրոպական նոտագրությամբ:
Ժողովածուների նպատակն է նպաստել հայ երաժշտական արվեստի զարգացմանը: Այս գրքերը կարող են նաեւ որպես ուսուցողական ձեռնարկներ ծառայել «Հայ հոգեւոր երաժշտություն» դասընթացի շրջանակներում ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ ուսումնական հաստատությունների սաների համար: Միջոցառման ընթացքում «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանն անդրադարձավ Արսեն սրբազանի կենսագրության ուշագրավ տվյալներին: Ներկաները նաեւ շնորհավորեցին սրբազան հորը նրա ծննդյան տարեդարձի առթիվ: Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 26-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան 1947-ին: 1955-1960թվականներին սովորել է Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում: Կրթություն է ստացել Լոնդոնում եւ Ժնեւում: Եղել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գուգարաց թեմի առաջնորդ: Վերջին 10 տարիներին Արսեն սրբազանը շուրջ 8 գիրք է հրատարակել եւ թողարկել է 6 ձայնասկավառակ: Նա հեղինակն է «Հովվական աստվածաբանություն», «Պատկերազարդ սրբազան պատմություն» եւ այլ գրքերի: Շնորհանդեսում ներկայացված «Հայ հոգեւոր երգերի եւ շարականներ» երկհատորյակի խմբագիրը Գագիկ Մինասյանն է, մասնագիտական խմբագիրը` Անահիտ Բաղդասարյանը:
Ցերեկույթին ներկա էր նաեւ Փառեն եպիկոպոս Ավետիքյանը , որ Վեհափառ հայրապետի օրհնությունն ու խոսքը փոխանցելուց հետո նշեց. «Ըստ իս` Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը մեր եկեղեցական երաժշտության լավագույն կատարողն է»: Փառեն սրբազանի խոսքի վկայությունը Գոհար Գասպարյանի եւ Արսեն սրբազանի համատեղ ձայնագրություններն են: «Գնացեք մեր եկեղեցիները եւ լսեք մեր երգեցողությունը, պարզապես տխուր է», ասաց Փառեն սրբազանը, թեեւ, նրա խոսքով, ամեն տեղ չէ նույն վիճակը, օրինակ` բացառություն է կազմում Մայր աթոռը: «Երգեցողությունը ծիծաղելի է, մեր հայրերը դա չէ, որ գրել են: Կարծում եմ` Արսեն սրբազանի այս գործերը պետք է անմիջապես մուտք գործեն մեր հոգեւոր ճեմարանները, նաեւ տրամադրվեն երգչախմբերի անդամներին, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու մեջ լինի միօրինակություն», ավելացրեց Փառեն սրբազանը:
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանին շնորհավորեցին եւ առանձին խոսքով հանդես եկան Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Հայաստանի երաժշտական ընկերության» նախագահ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը եւ ուրիշներ: Վերջում Արսեն սրբազանը շատ համեստ խոսք ասաց. «Ինձ համարում եմ մի փոքրիկ մոմ, որ վառվել ու լուսավորել եմ իմ շրջապատի խավար հոգիները»:
Միջոցառումն ավարտվեց Արսեն սրբազանի մշակած «Հայր մերով», Գեւորգյան ճեմարանի ուսանողների կատարմամբ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ