«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2010-10-26 | #196, 2010-10-27 | #197, 2010-10-28


ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան

Թեհրանի մեծ Մոսալայումՙ մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, հայկական տաղավարից անդադար հնչում է հայկական երաժշտություն, ցուցադրվում են Հայաստանի տեսարժան վայրերը, գրքեր ոչ միայն հայերենով, այլեւ անգլերենով եւ պարսկերենով, թերթեր, բազմաթիվ դրոշներ ու ցուցապաստառներ: Հայկական տաղավարում մարդկանց հոսքը չի դադարում: Այցելուներին հետաքրքրում է գրեթե ամեն ինչ Հայաստանի մասին` եկեղեցիների ու քաղաքների ճարտարապետությունը, Հայոց ցեղասպանությունը, անկախության հռչակումը, ղարաբաղյան հակամարտություն, տնտեսություն, մշակույթն ու հայ-իրանական հարաբերությունները:

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայկական տաղավարի դեմ ադրբեջանական պատվիրակության գործած խուլիգանական արարքի պատճառով մեծացավ հետաքրքրությունը ոչ միայն հայկական տաղավարի, այլեւ «Տատն ու պապը» հուշարձանը պատկերող մեծ լուսանկարի նկատմամբ: Բազմաթիվ այցելուներ ուղղակի մոտենում են տաղավարին` լուսանկարվելու համար:

Արդեն երկրորդ օրն էՙ իրանական կողմը ադրբեջանական պատվիրակության պահանջով հայկական տաղավարի պատից հանել է լուսանկարը, ինչը առաջացրել է հայկական պատվիրակության դժգոհությունը, որը ամենատարբեր մակարդակներով բարձաձայնել է խնդրի մասին եւ պահանջել ոչ միայն ադրբեջանական կողմից ներողություն կատարվածի համարՙ այլեւ լուսանկարը կրկին տեղադրել տաղավարի պատին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ցուցահանդեսի բացման ժամանակ, ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները` իրանական կողմի անմիջական ներկայությամբ, հսկայական աղմուկ բարձրացրին հայկական տաղավարում, իսկ ադրբեջանցի լրագրողներից մեկը, որ ավելի շատ հոգեկան խնդիրներ ունեցողի տպավորություն էր թողնում, հայհոյանքներով եւ սպառնալիքներով մտավ հայկական տաղավար եւ պոկեց պատին ամրացված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քարտեզները:

Երեկ առավոտյան հայկական տաղավար այցելեց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը : Դեսպանն ու հայ լրագրողները եւս մեկ անգամ ցուցահանդեսի կազմակերպիչներին ներկայացրին միջադեպը: Հայաստանի դեսպանը զրույցի ընթացքում կազմակերպիչներին բացատրեց խնդրի էությունը` փաստելով, որ հուշարձանը հայկական է, հեղինակը` հայ, եւ այն պետք է ներկայացվի հայկական տաղավարում որպես երկրի ազգային խորհրդանիշ: Այնուհետեւ ադրբեջանական տաղավար այցելեց ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանը եւ զրուցեց կազմակերպիչների հետ:

Ավելի ուշ հայկական կողմը կազմակերպիչներին հայտարարեց, որ լուսանկարի տեղադրումն իրենց համար պատվի հարց է, եւ նրա հանումը վիրավորական է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Եթե մինչեւ առավոտյան լուսանկարը տաղավարի պատին չտեղադրվի, ապա հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, կդիմի ամենաքաղաքակիրթ տարբերակին եւ կհրաժարվի մասնակցել ցուցահանդեսին: Այդ կապակցությամբ հայկական կողմը ծավալուն հարցազրույց է տվել իրանական երիտասարդական ռադիոյին:


Նկար 1. Հայկական տաղավարն իր ցուցանակներով: «Տատիկ-պապիկ» պոկված նկարըՙ ներքեւում:

Նկար 2. ՀՀ դեսպանը (աջից) բացատրություն է պահանջում ցուցահանդեսի կազմակերպիչներից:։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4