Ինչպես փոխանցում է Panorama.am-ը` լույս է տեսել Լոնդոնում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս, Armenian institute կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ երեք աշխատությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակը: Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009-ին, եւ ժամանակին «Ազգը» տեղեկացրել է: Այստեղ հղում է կատարված 130 գիտական աղբյուրների եւ փաստերի: Այն գրված է որպես պատասխան անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների, որոնք վերջին տարիների ընթացքում նավթային եկամտից ստացված ներդրումներով արդեն հասել են ահռելի չափերի ու չափազանցությունների: Ներկայացվում է «Ադրբեջանի Հանրապետություն» կոչվող երկրի ծնունդը 1918-ին, բերված են պատմական փաստեր, թե որն է Ադրբեջանը, որը` Աղվանքը, եւ ինչ է նրանց կապը:
Ի հակակշիռ ադրբեջանական այն փաստերի, թե իբր հայերը Կովկասի տարածքում եկվորներ են, իսկ ադրբեջանցիները` բնիկներ, բերված են բազմաթիվ պատմիչների ու ճանապարհորդների փաստեր, վկայություններ, ինչպես նաեւ մեջբերումներ 18-19-րդ դարերի տեղաբնակ թուրք-թաթար պատմիչների ու պատմաբանների գրքերից, որոնց արդի ռուսերեն եւ ադրբեջաներեն թարգմանություններից հանված են «հայ» եւ «Հայաստան» անվանումները եւ երբեմն էլ նույնիսկ դրանց մասին նյութեր պարունակող գլուխները: Անդրադարձ է կատարվում նաեւ ադրբեջանական այն գրքին, ուր Հայաստանի քարտեզի տակ գրված է «Արեւմտյան Ադրբեջան», եւ Հայաստանի բոլոր պատմական հուշարձաններն ու եկեղեցիները ներկայացվում են որպես «ուրարտա-թյուրքական, աղվանա-թյուրքական, քրիստոնեա-թյուրքական»: Ավելի քան մեկ տարի առաջ Ռ. Գալչյանը, դիմելով ՀՀ իշխանություններին, զարմանք էր հայտնել, թե ինչու մեր երկիրը Ադրբեջանի դեմ հայցով չի դիմում միջազգային դատարան, որովհետեւ վերջին 20 տարումՙ անկախությունից հետո, Ադրբեջանի կառավարությունը «Հեյդար Ալիեւի հիմնադրամի» օժանդակությամբ միլիոններ է ծախսում հակահայ պրոպագանդան եւ կեղծիքները տարածելու համար:
«Սա միջազգային օրենքի տեսանկյունից կեղծիք է, սրա դեմը պետք է առնել: Եթե հակառակը չխոսենք, 20, 40, 60 տարի հետո, ով հետաքրքրված լինի պատմությամբ եւ գրադարաններին դիմի, միայն կեղծիքներով լի ադրբեջանական գրականություն կգտնի, հետեւաբար նրանց ստերը կդառնան փաստեր», նկատել է Ռուբեն Գալչյանը:
Հ. Ա.