Հոկտեմբերի 23-ին, ինչպես հաղորդել ենք, Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցում 30 տարի անց առաջին անգամ աղոթք է հնչել: Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եկեղեցում միասին են աղոթել: Եկեղեցու վերականգնումը նախաձեռնել էին Դիարբեքիրի քաղաքապետարանն ու «Ս. Կիրակոս եկեղեցու վերանորագման հիմնադրամը»: Հիմնադրամի ու քաղաքապետարանի անդամները եւս մասնակցել են աղոթքին:
Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանի փոխանցմամբ` Սուրբ Կիրակոսի վերանորոգումը մի տարի առաջ է սկսվել` 2009 թվականի հոկտեմբերին: «Թուրքիայի կառավարությունը այս գործում Դիարբեքիրի քաղաքապետարանին եւ տեղի հայերին չօգնեց, բայց եւ չխոչընդոտեց», երեկ «Արմատ» ակումբում նշեց Ք. Մելքոնյանը: Սուրբ Կիրակոսի վերանորոգման ծախսերը կազմել են 2,5 միլիոն դոլար, որի 70 տոկոսը հոգացել է հիմնադրամը, իսկ 30 տոկոսը` քաղաքապետարանը: Սրան նույնպես «Ազգը» անդրադարձել է: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն մի տարի հետո: Ներկայումս Դիարբեքիրում ընդամենը մի քանի հայ ընտանիքներ են ապրում:
Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը նշեց, որ Դիարբեքիրը զուտ քրդական քաղաք է դարձել. «Քաղաքում հայեր ու հույներ գրեթե չկան, թուրքերն առանձնակի տոկոս չեն կազմում»: Իսկ ինչպե՞ս եղավ, որ թուրքերը Ս. Կիրակոս եկեղեցում հնչած աղոթքի կապակցությամբ աղմուկ չբարձրացրին եւ շոու չսարքեցին, Ռաֆիկ Թադեւոսյանն իր իսկ հարցադրմանն այսպես պատասխանեց. «Թուրքերը պարզապես չուզեցին գրգռել քրդերին»:
Քրիստինե Մելքոնյանի կարծիքով էլ` Դիարբեքիրի քաղաքապետը եկեղեցու վերականգնումը ձեռնարկելով նախ եւ առաջ հետապնդել է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանի զարգացմանն ու հայերի հետ հարաբերությունները բարելավելուն: Բացի դրանից` Թուրքիայում հասկանում են, որ հայկական եկեղեցիների վերականգնումը նպաստում է իրենց երկրի տնտեսության զարգացմանը: Կրկին անդրադառնալով թուրքական կառավարության վերաբերմունքին` Ք. Մելքոնյանը նշեց, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի խոչընդոտում եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, որովհետեւ առաջին հերթին անհանգստանում է արտաքին աշխարհի արձագանքներից:
Ի. Պ.