«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ԹԵՀՐԱՆՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԱԿԱՀԱՅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՉԱՐԺԱՆԱՑԱՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան

Թեհրանում շարունակվող մամուլի եւ լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ տեղի ունեցած ընդհարումը երեք օրվա ընթացքում որեւէ կերպ չհարթվեց, որովհետեւ իրանական կողմը, տեղի տալով ադրբեջանական սադրանքներին եւ հիստերիային, հայկական տաղավարի պատից հանեց սեփական ձեռքով ամրացրած Հայաստանի խորհրդանիշ ներկայացրած «Մենք ենք մեր սարերը» կամ «Տատի ու պապի» լուսանկարը: Հայաստանը ներկայացնող «Ազգ» օրաթերթի եւ PanARMENIAN.Net -ի լրագրողները փորձում էին կազմակերպիչներին բացատրել, որ հուշարձանը հայկական է, ճարտարապետը` հայ, եւ այն ունի բոլոր իրավունքներըՙ ներկայացվելու որպես Հայաստանի խորհրդանիշ: «Թեհրանում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, եթե դրանք որեւէ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեն որպես հայկական խորհրդանիշներ, հայկական եկեղեցիներ, դուք կընդդիմանա՞ք», հայկական պատվիրակության հարցին իրանցի կազմակերպիչները բացասական պատասխան էին տալիս: Թուրքիայի դրոշի վրա պատկերված են լուսին եւ աստղ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ լուսինն ու աստղը պատկանում են միայն Թուրքիային հարցին իրանական կազմակերպիչները կրկին համաձայնում են, սակայն «Տատի ու պապի» հուշարձանի վերաբերյալ նրանց վերաբերունքն անփոփոխ էր:

Իրանական կողմը այդ դիրքորոշումն անվանում էր հավասարակշռություն, սակայն իրականում հավասարակշռություն չնկատվեց: Երեք օրվա ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ կերպ չփորձեց ներողություն խնդրել իրենց լրագրողի ագրեսիվ պահվածքի համար, իրանական կողմն էլ միայն զգուշացրեց, որ նրանք հայկական տաղավարին չմոտենան, սակայն դա բավարար չէր, անհրաժեշտ էր հայտարարություն տարածել ու բացահայտ դատապարտել ադրբեջանական կողմի պահվածքը: Այս ամենի համատեքստում հայկական կողմը նախօրեին կազմակերպիչներին վերջնաժամկետ ներկայացրեց. Եթե տաղավարի պատին «Տատի ու պապի» լուսանկարը չհայտնվի, Պատվիրակությունը դադարեցնում է իր մասնակցությունը ցուցահանդեսին: Իրանական կողմը խոստացավ, որ կգտնի լավագույն տարբերակը, սակայն երեկ առավոտյան պարզվեց, որ լավագույն տարբերակը լուսանկարը Երեւանի հրապարակը պատկերող լուսանկարով փոխել էր, ինչն էլ արժանացավ հայ լրագրողնեի վրդովմունքին` հայտարարությամբ, որ անիմաստ են համարում ներկա գտնվել ազատ խոսքի միակ պաշտպան մամուլին նվիրված միջազգային ցուցահանդեսին, որտեղ պետք է ոտնահարվի ազատ խոսքը: Սակայն մինչ տաղավարը լքելը հայկական կողմը անգլերեն եւ պարսկերեն լեզուներով ներկայացրեց իր բողոքն ու բոյկոտի պատճառը, գունավոր թղթի վրա բազմացրեց «Տատի ու պապի» լուսանկարը եւ բաժանեց ցուցահանդեսի մասնակից երկրների ներկայացուցիչներին:

Լուրը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ցուցահանդեսի հետագա աշխատանքներին, նյարդայնացրեց իրանական կողմին: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը սկսեց հայկական պատվիրակության անդամների հետ վիճաբանել եւ արգելել թռուցիկների բաժանումը` հավելելով, որ մենք դրա իրավունքը չունենք եւ խախտում ենք ցուցահանդեսի կարգը: Ինչ վերաբերում է նկարի տեղափոխմանը, ասաց, թե չեն ցանկանում կոնֆլիկտային տարածքում գտնվող որեւէ բան ներկայացնել ցուցահանդեսին:

Դրան ի պատասխան հայկական կողմը ներկայացրեց ադրբեջանական պատվիրակության տարածած գիրքը Ղարաբաղի մասին, որտեղ պարսկերենով հակահայկական քարոզչություն էր իրականացվում;

Գրքի ներկայությունը առավել նյարդայնացրեց կազմակերպչին: Վերջինս այցելեց ադրբեջանական տաղավար եւ արգելեց գրքի ցուցադրումն ու տարածումը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ հայկական կողմի դիրքորոշմանը կողմ էին մասնակից գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները:

Լիբանանի, Տաջիկստանի, Վիետնամի, Պակիստանի եւ էլի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ մոտենում էին հայկական տաղավարին եւ հայտարարում, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքը արժանի է դատապարտման:

Ի դեպ, Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները մտադիր են ցուցահանդեսի ավարտին հոդված պատրաստել կատարվածի առնչությամբ:

Իրանահայությանը տեղյակ պահելու կապակցությամբ երեկ հայկական կողմը ծավալուն հարցազրույց է տվել Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին եւ նորաբաց «Հայելի» կայքէջին:

Մինչ ցուցահանդեսի ավարտը հայկական կողմը մտադիր է մնալ Թեհրանում եւ որպես այցելու շրջել ադրբեջանական եւ թուրքական տաղավարներով` փորձելով կանխել նրանց կողմից հակահայկական քարոզչությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4