«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ՀԱՅՈՑ ԱՂՎԱՆՔ` ԼԱՉԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը մտադիր է Կովկասում ստեղծել նոր պետություն` Հայոց Աղվանք` Լաչին մայրաքաղաքով: Այս մասին երեկ ասուլիսի ընթացքում հայտարարեց Այվազյանը: «Մենք առաջիկայում մտադիր ենք դիմել ԼՂՀ-ին խնդրանքով` մեզ տրամադրել 7 ազատագրված շրջանները Լաչին մայրաքաղաքով, անկախ եւ ինքնիշխան ադրբեջանահայության հանրապետություն ստեղծելու նպատակով», ասաց Այվազյանը: Ընդ որում, նոր հանրապետությունը, որն, ըստ Այվազյանի, կանվանվի Հայոց Աղվանք, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում հանրաքվեի միջոցով կմիանա կամ ԼՂՀ-ին, կամ Հայաստանին: «Մենք կանցկացնենք ժողովրդավարական ընտրություններ, ունենք անգամ գալիք պետության դրոշն ու զինանշանը: Ուզում եմ շեշտել, եթե մենք այդ տարածքներում բնակություն հաստատենք, ապա դա կանենք ոչ որպես վերաբնակիչ, այլ` այդ տարածքների օրինական տերեր: Այս կերպ մենք մեկընդմիշտ կփակենք զիջումների ճանապարհը, մանավանդ, բոլորիս համար էլ պարզ է` Ադրբեջանը ոչ մի զիջում էլ մտադիր չէ անել: Կարեւոր է նաեւ նկատել, որ երբ մենք բնակություն հաստատենք այդ տարածքներում` հանրապետություն ստեղծելով, կլեգիտիմացնենք այդ տարածքների վերամիավորման հարցը ԼՂՀ-ին կամ ՀՀ-ին», ընդգծեց Գրիգորի Այվազյանը` հավելելով, որ նորաստեղծ հանրապետությունում կապրի մոտ 1 մլն ադրբեջանահայ համայնքը, որի բնակության հարցը կլուծի Ադրբեջանահայերի ասամբլեան:

Հիշեցնենք` դե յուրե հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, Գրիգորի Այվազյանը ներկայացրել է իր թեկնածությունը նոյեմբերի 7-ին կայանալիք Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում: Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, որեւէ կերպ չի հաստատել Այվազյանի գրանցումը` որպես թեկնածուի: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր անգամ, որ մտադիր է մասնակցել նաեւ Ադրբեջանի նախագահական ընտրություններին. համաձայն հարեւան երկրի սահմանադրության` Այվազյանն այդ իրավունքն ունի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4