«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


«ՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԵՂԾԻՔՆԵՐ ՈՒ ՓԱՍՏԵՐ»

Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը

Քարտեզագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Գրքում հայերեն թարգմանությունը եւս զետեղված է, սակայն քարտեզներն ու լուսանկարները տպագրված են միայն ռուսերեն հատվածում: Գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման մասին «Ազգը» երեկ տեղեկացրել է: Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009 թվականին, որին «Ազգը» նույնպես անդրադարձել է:

Երեկ գրքի շնորհանդեսը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ:

Ռուբեն Գալչյանը Լոնդոնում եղել է Հայաստանի պատվո հյուպատոսը, նա Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ 3 աշխատությունների հեղինակն է, վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է քարտեզագիտությամբ: Նրա «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքում ներկայացված է, թե այսօր ադրբեջանցիներն ինչպես են կեղծում հայերիս պատմությունը: Գիրքը գրված է որպես պատասխան անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների, որոնք վերջին տարիներին նավթային եկամտից ստացած ներդրումներով հասել են ահռելի չափերի:

Շնորհանդեսի ժամանակ դոկտոր Գալչյանը նշեց. «Ադրբեջանական մամուլն ու գիտական աշխատողները վերջին 50-60 տարիներին գրում են հակահայ հոդվածներ, նույնիսկ գիտական աշխատություններ: Այդ գրքերն ադրբեջանցիներն անվճար բաժանում են արտասահմանյան կազմակերպություններին, դեսպանություններին ու քաղաքականությամբ զբաղվող ինստիտուտներին»: Հակահայ գրականություն ադրբեջանցիները տարածում են նաեւ գրադարաններում: Եթե հայերս քայլեր չձեռնարկենք, ապա աշխարհի բոլոր գրադարաններում դրված կլինեն ադրբեջանական բազմաթիվ գրքեր, որոնք խեղաթյուրում են հայերի պատմությունն ու մշակույթը: Ռուբեն Գալչյանը երկու տարի առաջ գրքի նախնական օրինակը հանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը: Աշխատողներն այն ընդունել են ոգեւորությամբ եւ ասել, որ վավերագրական տեղեկությունների նման հավաքածու անհրաժեշտ է իրենց, սակայն Ռ. Գալչյանի` նախագահին հանդիպելու եւ գրքի պարունակությունը բացատրելու խնդրանքը չի ընդառաջվել: «Նախարարի կողմից ինձ հայտնեցին, որ նա նման բաների համար ժամանակ չունի», հավելեց դոկտոր Գալչյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4