«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ «ԽԱՌՆՎԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 19-րդ նստաշրջանումՙ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն այնուհետեւ պատասխանել է պատվիրակությունների անդամների հարցերին:

Ադրբեջանի պատվիրակության անդամ Աբուլֆազ Բաբաեւը Մովլութ Չավուշօղլուին հարցրել է, թե ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, թե կազմակերպության դերը վարվող բանակցություններին, դիվանագետներին աջակցելն է, հատկապես երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով երկխոսության զարգացումն է: «Բնական է, այդ տեսակ հարցերը մեր կազմակերպության հիմնական գործառույթը չեն: Սակայն, չնայած դրան, մենք կարող ենք աջակցել երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: Ինչպես հայտնի է, 2005թ. ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձեւ էր ընդունել, որի համաձայն ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է ԼՂ վերաբերյալ հատուկ հանձնաժողով ստեղծել: Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ մենք, բնականաբար, չենք կարող խառնվել այդ հարցին: Հակամարտության կարգավորմանն օգնելու համար մեր նպատակն է սոսկ խթանել երկխոսությունը երկու կողմերի պատվիրակությունների միջեւ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հակամարտության ժամանակ առաջացած հումանիտար հարցերին: Ռուս-վրացական պատերազմից հետո անմեղ տուժածների կյանքի բարելավման նպատակով մենք ԵԽԽՎ-ում այդպիսի հանդիպումներ անցկացրեցինք նաեւ այդ երկրների պատվիրակությունների միջեւ: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, մեր գործունեությունը մենք հիմնականում կառուցում ենք անհայտ կորածների, փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրների հիման վրա: Համաժողովը նույնպես կարող է զբաղվել այդ գործով, եւ ես կարծում եմ, որ լինելով ԵԽ հիմնական կազամակերպությունըՙ նա պետք է դրանով զբաղվի», ասել է Մովլութ Չավուշօղլուն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4