«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԲԵՐՔԸ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԸ ԿՕԳՆԵՆ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԸ

Ցրտահարության ու կարկտի պատճառով ամեն տարի գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում: «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ, տեխնիկակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Վարդանյանն ասում է, որ այս տարի միայն ծիրանի բերքի 80-90 տոկոսը ոչնչացավ հենց ցրտահարության պատճառով:

«Շեն» բարեգործական միությունը, հաշվի առնելով ցրտահարության հասցրած վնասները, Հոլանդիայից Հայաստան ներկրեց բերքը ցրտահարությունից պաշտպանող մի սարք, որի արժեքը 25 հազար դոլար է: Որոշ ժամանակ անց Հայաստանում նմանատիպ սարք ստեղծեց «Բարվա» ինովացիոն կենտրոնը: Տեղում արտադրված ցրտահարության դեմ պայքարի սարքը 5 անգամ ավելի էժան է, քան Հոլանդիայից ներկրվածը, այսինքն` արժե 5 հազար դոլար: Չնայած երկու սարքերի նպատակը մեկն է, այնուամենայնիվ դրանցից յուրաքանչյուրը բերքը ցրտահարությունից պաշտպանում է իր ձեւով: Օրինակ` «Բարվա» ինովացիոն կենտրոնի պատրաստած սարքն ունի իմպուլսային ռեակտիվ 2 շարժիչներ, որոնք հակառակ ուղղություններով տաք օդի հսկայական շիթեր են արձակում: Իմպուլսային ռեակտիվ շարժիչներն աշխատում են հեղուկ պրոպան գազով եւ տեղադրված են հատուկ կցասայլի վրա: Մինիտրակտորի օգնությամբ կցասայլը տեղափոխվում է ծառերի միջշարային տարածքներով 7-8 կմժամ արագությամբ: «Մի գիշերվա ընթացքում ցրտահարությունից կարողանում ենք փրկել մինչեւ 15 հեկտար ծաղկած այգիներ», ասում է Արամ Վարդանյանը: Վերջինիս փոխանցմամբ` «Բարվա» կենտրոնի պատրաստած սարքը նախատեսված է ինչպես բաց այգիների, այնպես էլ ջերմոցային փակ տարածքների տաքացման համար: «Տաքության շիթը տարածվում է մինչեւ 15 մետր, բայց, ըստ հեռավորության, ջերմաստիճանը նվազում է», տեղեկացնում է Արամ Վարդանյանը: 1 մետր հեռավորության վրա ջերմաստիճանը նվազում է մինչեւ 40 աստիճան:

Ինչ վերաբերում է Հոլանդիայից ներկրված սարքին, սա եւս աշխատում է հեղուկ գազով, բայց ոչ ռեակտիվ շարժիչների սկզբունքով: Այն ունի հսկայական վառարան, որի վրա տեղադրված օդամղիչը տաք օդը մղում է ծառերի աջ ու ձախ ուղղություններով:

«Բարվա» կենտրոնի մշակած սարքն այս գարնանը փորձարկվել է Թալինի այգիներում: Արամ Վարդանյանի փոխանցմամբ` բերքը ցրտահարությունից պաշտպանող սարքով հետաքրքրված են նաեւ հարեւան Վրաստանում եւ Իրանում. «Սրա զանգվածային արտադրությունը սկսելը, կարծում եմ, նպատակահարմար է»:

Մրգատու ծառերի ու գյուղատնտեսական մշակաբույսերի մյուս թշնամին կարկուտն է: Բերքը կարկտից պաշտպանելու լավագույն երաշխիքը բարձր արդյունավետություն ունեցող հակակարկտային կայանների տեղադրումն է:

Արամ Վարդանյանը տեղեկացնում է, որ «Բարվա» ինովացիոն կենտրոնը նաեւ պատրաստում ու տեղադրում է հակակարկտային կայաններ («Զենիթ» մակնիշով): Այսօրվա դրությամբ «Բարվա» կենտրոնը շուրջ 100 միավոր հակակարկտային կայան է արտադրել: Դրանցից 80-ն արդեն տեղադրվել ու շահագործվում են, միայն 32-ը տեղադրվել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի ու Մարտունու շրջաններում: Արամ Վարդանյանի խոսքով` նմանատիպ մի սարքը միջազգային շուկայում արժե 40-50 հազար դոլար: «Առանց ավելացված արժեքի հարկի հայաստանյան շուկային մենք առաջարկում ենք շուրջ 10 հազար դոլար արժողությամբ հակակարկտային կայան», ասում է Ա. Վարդանյանը: «Բարվա» կենտրոնի արտադրած 1 կայանը պաշտպանում է 100 հեկտար տարածություն, իսկ արդյունավետությունն ավելի քան 80 տոկոս է: «Ավելի փոքր հողակտորներ ունեցող ֆերմերների պահանջով մշակել ենք նաեւ «Զենիթ» մինիտարբերակը, որն արժե 1,5 միլիոն դրամ եւ պաշտպանում է 25-30 հա տարածություն», տեղեկացնում է Արամ Վարդանյանը:

«Բարվա» կենտրոնն անցած 3 տարիների ընթացքում Շիրակի մարզում տեղադրել է 27 կայան, Արագածոտնի մարզում` 3, Արմավիրի մարզում` 17, Կոտայքի մարզում` 1, ԼՂՀ Մարտունու շրջանում` 17 եւ Ասկերանի շրջանում` 15 հակակարկտային կայաններ: Դրանք բոլորն էլ հեռակառավարվող են եւ աշխատում են հեղուկ, պրոպան-բուտան գազային խառնուրդով: Արամ Վարդանյանն ասում է, որ կայանները տեղադրվել են հիմնականում տվյալ համայնքի, բարերարների ու բարեգործական կազմակերպությունների ֆինանսական միջոցներով:

Չնայած Արամ Վարդանյանը բարձր է գնահատում «Բարվա» ինովացիոն կենտրոնի տեղադրած հակակարկտային կայանների արդյունավետությունը, այնուամենայնիվ, գյուղատնտեսությունը դեռ շարունակում է տուժել կարկուտից: Պատճառը հակակարկտային կայանների կամ քանակի, կամ էլ որակի ոչ բավարար լինելն է (խոսքը ոչ միայն «Բարվա» կենտրոնի տեղադրած կայանների մասին է): Գյուղացիներն անընդհատ բողոքում են կարկտի հասցրած վնասներից, իսկ կարկուտն էլ շարունակում է «ծեծած տեղը նորից ծեծել»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4